ArmStyle

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարիների ընթացքում արժանացել է միջազգային ճանաչման և դարձել Հայաստանի մշակութային իսկական խորհրդանիշ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նկատել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Նա պատմել է, որ այս տարի փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրում կմասնակցեն մի շարք պետությունների մշակույթի նախարարներ և փոխնախարարներ։

«Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-19–ը։

Ինչպես հայտնել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, այս տարի կազմկոմիտեն գրանցել է ռեկորդային թվով հայտեր` 1,6 հազար` 105 երկրից։

Նա նաև հրապարակեց «Ոսկե ծիրան» մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահների անունները։

Այսպես, Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Ռոբեր Գեդիկյանը (Ֆրանսիա), Փաստագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին` Մարեկ Խովորկան (Չեխիա), «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին` Հովիկ Հաբեշյանը (Լիբանան), «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ժյուրին` Ալեքսանդր Գրոզևը (Բուլղարիա)։

Փառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքերով`  «Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի  (Robert Guédiguian) «Մի ասեք, թե տղան խելագար էր» (բնօրինակ անվանումը` Une histoire de fou) ֆիլմի ցուցադրությամբ։ 

Գեդիկյանի ֆիլմը ցուցադրվել էր 2015 թ.–ին Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրի շրջանակում։ 

Ֆիլմը պատմում է Արամ անունով երիտասարդի մասին, ով 80–ականներին Մարսելում պայթեցնում է Փարիզում Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան։ Պատահական անցորդ, երիտասարդ հեծանվորդ Ժիլ Տեսզիրը լուրջ վնասվածքներ է ստանում։ 

Արամը Մարսելից փախչում է Բեյրութ և միանում Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակին` ԱՍԱԼԱ–ին։ Երիտասարդ հեծանվորդը որոշում է գտնել նրան, ում մեղքով լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա մեկնում է Բեյրութ` Արամի հետքերով։ 

Իր հերթին, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ընդգծեց, որ հայկական մայրաքաղաքը պատրաստ է ավելի մեծ քանակով հյուրեր ընդունել փառատոնի շրջանակում։ «Կազմակերպվելու են ֆիլմերի դիտումներ բաց երկնքի տակ, ինչը առավելագույնս կնպաստի համապատասխան մթնոլորտի ստեղծմանը», – ավելացրել է նա։ 

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոններից է։ Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: -0-

«ԱՌԿԱ Style»-ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է: -0-