ArmStyle

«Ոսկե ծիրան 2015» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ կներկայացվի 34 ֆիլմ` աշխարհի 25 երկրից։ Այս մասին տեղեկացրեց կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի անդամ, «Կորիզ» ծրագրի պատասխանատու Վարդան Հակոբյանը։ 

«Այս տարի փառատոնին մասնակցելու համար աննախադեպ թվով հայտեր ենք ստացել` 750 հայտ, որոնցից ընտրվել է 34–ը», – ասաց նա։ 

Փառատոնի շրջանակում նախատեսված է չորս մրցութային ծրագիր` «Խաղարկային ֆիլմեր», «Վավերագրական ֆիլմեր», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ»։ 

Հակոբյանը նշեց, որ «Կորիզ» մրցութային ծրագիրն այս տարի անցկացվում է 5–րդ անգամ։ Այն տարեցտարի ավելի հետաքրքիր է դառնում, քանի որ ընտրված ձևաչափը բավականին պահանջված է։ Այս ծրագրում կներկայացվեն ֆիլմեր Հայաստանից (Տաթև Հակոբյանի «Օտարը»), Գերմանիայից, Իրանից, Իսպանիայից և Լեհաստանից։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի խոսքով` «Վավերագրական ֆիլմեր» մրցութային ծրագրում ներառված է 13 ֆիլմ Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Իսպանիայից և այլ երկրներից։ 

«Պայքար, բողոք, փախուստ, հիասթափություն, մենություն, փիլիսոփայական մետաֆիզիկական մտորումներ, սեր, ծով, օվկիանոս, սրանք ենք այս տարվա վավերագրական ֆիլմերի հիմնական թեմաները։ Ծովի, օվկիանոսի մասին պատմող շատ ֆիլմեր կան։ Ըստ երևույթին, ակունքներին վերադառնալու միտում է նկատվում», – ասաց նա։ 

«Մենք ընտրել ենք լավագույն ֆիլմերը, և կարծում եմ, որ վավերագրական կինոյի սիրահարները գոհ կլինեն», – ավելացրեց նա։ 

Ինչպես նշեց կինոքննադատ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, մրցութային ֆիլմերը կցուցադրվեն վերջերս բացված «Հայաստան» կինոթատրոնում։ 

Խաղարկային ֆիլմերի ծրագիրը ներկայացրեց ընտրական հանձնաժողովի անդամ Արթուր Վարդիկյանը։ 

Նրա խոսքով` ներկայացված 300 ֆիլմերից 12 լիամետրաժ ֆիլմերը ներկայացնում են Գվատեմալան, Կուբան, Արգենտինան, Հարավային Կորեան։ «Այս ֆիլմերում բացահայտվում են սոցիալական համամարդկային խնդիրները», – ավելացրեց նա։ 

Փառատոնի արտամրցութային ծրագրերի մասին խոսեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։ 

Նրա խոսքով` փառատոնը կմեկնարկի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն»  (Une histoire de fou) ֆիլմի ցուցադրությամբ։ 

«Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 18–ին։ Կցուցադրվի Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմը, քանի որ այս տարի նշվում է ֆիլմի 90–ամյակը։ Սա հարգանքի ինքնատիպ տուրք է և′ ֆիլմին, և′ ռեժիսորին», – ասաց նա։ 

Փառատոնի շրջանակում նախատեսված են հոբելյանական ծրագրեր, որոնք նվիրված են հայկական կինոյի վարպետներին։ Մասնավորապես, ֆիլմերի ցուցադրությամբ կնշվի Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90–ամյակը, Լևոն Աթոյանցի 85–ամյակը, ինչպես նաև` կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի 60–ամյակը։ 

«Ոսկե ծիրան» 12–րդ միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում այս տարվա հուլիսի 12–19–ը։ 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին: 

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-