ArmStyle

Նախօրեին երեկոյան Երևանում տեղի է ունեցել «Նոր տանը մենակ» հայկական կատակերգական մարտաֆիլմի պրեմիերան։ Այդ ֆիլմը ինչ–որ չափով հոլիվուդյան հայտնի «Տանը մենակ» ֆիլմի remake–ն է` հայկական մեկնաբանությամբ և փիլիսոփայական ենթատեքստով։

Փոքրիկ տղայի մասին պատմությունը, որը ինչ–ինչ պատճառով մնացել էր տանը մենակ և կարողացել էր պաշտպանվել երկու գողերից, պատկերավոր ձևով նկարագրվել էր «Տանը մենակ» ֆիլմի մի քանի մասերում։ Այդ պատմությունը տեղափոխվել է հայկական հարթակ և ներկայացվել հայ դերասանների կողմից։

Տարբերությունը միայն այն է, որ եթե ֆիլմի հոլիվուդյան տարբերակում գողերի թիրախը նյութական արժեքներն էին, ապա հայկական ֆիլմում կողոպտիչները մաֆիայի` «Անակոնդա» կեղծանունով պարագլխի պատվերով փորձում են գտնել կախարդական կուլոնը, որը անմահություն է պարգևում։ Ընդ որում ֆիլմի հանգուցալուծման ժամանակ փիլիսոփայական միտք է հնչում այն մասին, որ անմահությունը կուլոնի մեջ չէ, այլ` գիտելիքի, որը փոխանցվում է սերնդեսերունդ։

Եվ թող բծախնդիր քննադատներն ասեն, որ ֆիլմի գործողությունները ոչ միշտ են դինամիկ, իսկ դերասանական խաղը կամ երկխոսությունն այնքան էլ հաջող չեն, «ԱՌԿԱ Style»–ը շնորհավորում է ֆիլմի ստեղծողներին պրեմիերայի կապակցությամբ և ցանկանում նորանոր ստեղծագործական հաջողություններ։ Չէ՞ որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո հայկական կինոն, որը կարողացել էր 70 տարվա ընթացքում կուտակել ֆիլմերի ոսկե ֆոնդ, գրեթե 20 տարի լճացման մեջ էր գտնվում։ Այդ պատճառով վերջին տարիներին կինոյի ոլորտում նկատվող ակտիվացումը կարելի է միայն ողջունել։ Այնպես որ թող շատ լինեն ֆիլմեր` լավ ու տարբեր։

«ԱՌԿԱ Style»–ին հաջողվել է ֆիլմի պրեմիերայից առաջ շփվել դերասաններ Լևոն Հարությունյանի և միստեր Քրոյի հետ, ովքեր մարմնավորել են գլխավոր կերպարներին։

«Հանդիսատեսից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ «կվերցնի» ֆիլմից, սակայն ես դեռ չեմ որոշել, թե ինչ կցանկանայի տալ հանդիսատեսին։ Անկեղծ ասած` մի քիչ վախենում եմ։ Սակայն դա ինձ համար սովորական վիճակ է յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերայից առաջ», – ասաց Լևոն Հարությունյանը։

Նրա խոսքերով` ֆիլմում գլխավոր շեշտադրումը դաստիարակչական մասի վրա է։ «Ինձ թվում է, որ այս տեսանկյունից ֆիլմը հաջողվել է։ Ինչ վերաբերում է իմ կերպարին, ապա ես պետք է դիտեմ ֆիլմը», – ասաց Հարությունյանը։

Դերասան, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և կոմպոզիտոր Միստեր Քրոն իր հերթին նշեց, որ կատակերգությունը նախատեսված է 6 տարեկանից բարձր լսարանի համար։

«Սա «Տանը մենակ» ֆիլմի հայկական տարբերակն է։ Շատ հետաքրքիր ֆիլմ է։ Համոզված եմ, որ նա, ով կդիտի ֆիլմը մեկ անգամ, կրկին կցանկանա դիտել այն», – ասաց Միստեր Քրոն։

Ֆիլմի ռեժիսորն է Արտակ Զիլֆիմյանը, սցենարիստը` Լուսինե Մանուկյանը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Լևոն Հարությունյանը, Գրիքոր Դանիելյանը, Ռիչարդ Մադլենյանը, Օֆելյա Զաքարյանը, Կարո Գասպարյանը և Արեգ Գալոյանը։ –0–