ArmStyle

«Ազատներ» ստեղծագործական խումբը պատրաստում է նոր կինոնախագիծ, որի դեպքերը ծավալվում են Կիլիկիայի թագավորությունում` Լևոն V-ի գահակալման օրոք։ Ինչպես ասաց ռեժիսոր Դավիթ Հարությունյանը ԱՌԿԱ Style-ի հետ զրույցում, ֆիլմի համար ընտրվել է հենց այս թեման, քանի որ Կիլիկիայի հայկական թագավորությունը ամբողջովին չբացահայտված և առեղծվածային պատմական ժամանակաշրջան է:

Հենց այդ խառնակ ժամանակներում են տեղի ունենում քաղաքական այնպիսի իրադարձություններ, որոնք ճակատագրական են դառնում Հայոց թագավորության համար: Ֆիլմում զուգահեռ կներկայացվի նաև խաչակրաց արշավանքի թեման: Ռեժիսորի խոսքով` ֆիլմի գաղափարը ծագել է դեռ մեկ տարի առաջ: Բեմադրող նկարիչ Սեդրակ Վելիկոդնին, ով բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է տվյալ պատմական շրջանը, զգեստներն ու սպառազինությունը, պատրաստել է հայ խաչակրի ռազմական հանդերձանքը: Հենց նրա ուսումնասիրությունների շնորհիվ կվերարտադրվեն ոչ միայն կիլիկյան, այլև ասպատակող հարևան տերությունների զինվորների զգեստները և, իհարկե, եվրոպական սպառազինությունն ու ռազմական հագուստը:

Ապագա ֆիլմի սցենարական պլանն ամբողջությամբ մշակված է: Իսկ սցենարը կգրվի ոչ թե մինչև ֆինանսական խնդիրների լուծումը, ինչպես Հայաստանում արվում է ավանդաբար, այլ աշխատանքային առաջին փուլի ֆինանսավորման ժամանակ միայն:

«Ազատներ» ստեղծագործական խմբում են նաև օպերատոր Ռոբերտ Խաչիկյանը, դերասան Վարդան Հովսեփյանը, դիզայներ Արթուր Ծուլիկյանը: Նախագծի մասին ներկայացված է մի հոլովակ, որը թույլ է տալիս մոտավոր պատկերացնել, թե որ դարաշրջանի և ինչ խնդիրների մասին է խոսքը: Հոլովակը նկարահանվել է Գառնու մոտակայքում, իսկ հոլովակի հերոսին` խաչակրին, մարմնավորում է Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասան Դավիթ Գասպարյանը: Գլխավոր հերոսի` Լևոն V դերի համար կան մի քանի թեկնածուներ, սակայն առայժմ պարզ չէ, թե ով կմարմնավորի արքային:

«Ապրելով ու պայքարելով այնպիսի բարդ աշխարհագրական վայրում, ինչպիսին Հայաստանն է, մենք անպայման պետք է դասեր քաղենք պատմությունից,- նշում է Դ. Հարությունյանը։- Իհարկե, չես կարող բոլորին պարտադրել իմանալ այն, սակայն կինոն մեծ զենք է, որը կարող է մարդկանց օգնել հասկանալու, թե որտեղից են իրենք գալիս, որտեղ ինչ ձեռքբերումներ են եղել, և ինչ սխալներ են գործվել: Շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցողներին»: Ի դեպ, ինչպես նշեց Դավիթ Հարությունյանը, հնարավոր է, որ մինչ ֆիլմի նկարահանումը բեմադրվի երկու գործողությամբ ներկայացում` նույն սյուժեով: