ArmStyle

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Անադոլու քուլթուր» կազմակերպության համատեղ Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի հաղթող «Մուրատ» նախագծի ռեժիսոր Մարինե Քոչարյանն «ԱՌԿԱ Style»–ին պատմեց այն մասին, թե ինչպես իր և երկրորդ ռեժիսոր Սոնա Քոչարյանի մոտ ծնվեց ֆիլմի ստեղծման գաղափարը, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են պատրաստվում իրականացնել իրենց նախաձեռնությունը։ 

Մուրատ Գոստանյանը ստամբուլաբնակ գրաֆիկական դիզայներ, անիմատոր և լուսանկարիչ է։ Հայրը նրան տիպիկ թուրքական անուն է տվել` համարելով, որ այդ կերպ զերծ կպահի հետագա խնդիրներից։ Միաժամանակ, բոլորից գաղտնի Մուրատը սարկավագ է հայկական եկեղեցում և պատարագ է մատուցում նույնիսկ այն դեպքում, երբ եկեղեցի մեկ մարդ է գալիս։ 

«Երբ մենք իմացանք, որ հայտարարվել է Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի  մրցույթ, հիշեցինք նրա մասին և որոշեցինք ֆիլմ անել»,– ասաց Մարինեն։ 

Նա պատմեց, որ հանդիպել է Մուրատին Ստամբուլում ապրիլի 24–ի ցույցի ժամանակ։ 

«Ես կարծում եմ, որ Մուրատը շատ գրավիչ հերոս է մեր օրերում Թուրքիայում ապրող հայերի պատմությունը ներկայացնելու համար։ Նա ապրում է մի քաղաքում, որն այլևս հարազատ չէ նրա համար»,– ասաց Մարինեն։

Նա նշեց, որ չնայած տիպիկ թուրքական անվանը, նա իր ազգային ինքնության հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ունենում։ 

«Մուրատը երազում է լինել Հայաստանում, նա սպասում է այդ ուղևորությանը»,– ասաց Մարինեն։

Բացի այդ, նա կարծում է, որ Մուրատի` անիմատոր լինելը շատ կօգնի ֆիլմին, այն ավելի կենդանի կդարձնի։ Կարճ անիմացիաները, որոնք արտահայտում են նրա ցանկություններն ու վախերը, ֆիլմին թարմություն և սրություն կհաղորդեն։ 

Ինչ վերաբերում է նախագծի իրագործմանը, ապա Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմից ստացված 5 հազար դոլարի մրցանակը չի բավարարի ֆիլմի արտադրությանը, որի բյուջեն գնահատվում է 35 500 դոլար։ Բայց Մարինեն այլ կազմակերպությունների և դրամաշնորհների հույս ունի։ 

Ֆիլմը պետք է նկարահանվի մինչև տարեվերջ։

«ԱՌԿԱ Style»–ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-