ArmStyle

Նոյեմբերի 8-12-ը Հայաստանում տասներորդ անգամ կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, որն այսուհետ կոչվելու է «Ռոլան»:

Փառատոնի տնօրեն, Հայաստանում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի փառատոնային ծրագրում ներառված է 145 ֆիլմ աշխարհի 38 երկրներից, իսկ ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում:

Փառատոնի կազմակերպիչները կարևորում են մշակութային ոլորտի ապակենտրոնացումը և այս կապակցությամբ փառատոնի պաշտոնական ավարտից հետո որոշել են կազմակերպել նաև մարզային շրջագայություն, լավագույն ֆիլմերը կցուցադրվեն տարբեր մարզերում:

«Այս տարի ամենաշատ հայտերը ստացել ենք Գերմանիայից և Նիդեռլանդներից: Միաժամանակ շատ է ուրախացնում այն, որ փառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 10 հայկական ֆիլմ, ինչը վկայում է հայկական կինոարտադրության զարգացման մասին», — ասաց Մանուկյանը:

Այս տարի հոբելյանական փառատոնի առանձնահատկությունն է ժյուրիի բացառապես մանկապատանեկան կազմը:
«Ռոլանը» կներառի հինգ անվանակարգ, որոնց թվում են՝ «Խաղարկային կինո», «Հանդիսատեսի համակրանք» մրցանակները, «Անիմացիոն ֆիլմ», «Իրավունք ունեմ» անվանակարգերը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» հայրենասիրական ֆիլմերի անվանակարգը:

10 տարում փառատոնին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ 60 երկրներից: Ցուցադրվել է շուրջ 2000 ֆիլմ:
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև պրեմիերաներ, հյուրերի հանդիպումներ բուհերի ուսանողների հետ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք սոցիալական և կրթական ծրագրեր:

«ԱՌԿԱ» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-