ArmStyle

Նոյեմբերի 18-25–ը  Հայաստանում մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց կինոփառատոնը։
«Web Ծիրան»–ը 2011 թվականին հիմնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Webtv.am ինտերնետ–հեռուստաընկերությունը VivaCell-MTS բջջային օպերատորի աջակցությամբ։ 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի խոսքով` «Web Ծիրան»–ի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ 

«Մեր նպատակն է խրախուսել երիտասարդ, տաղանդավոր ռեժիսորներին, ովքեր, չունենալով ֆինանսական միջոցներ, հաճախ չեն կարողանում իրագործել իրենց ստեղծարար գաղափարները։ Մենք ընդունում ենք ցանկացած ժանրի և որակի ֆիլմ, նույնիսկ` հեռախոսով նկարած»,– երեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Խաչատրյանը։ 

Նա նշեց, որ վերջին տարիներին փառատոնին ներկայացված ժապավենների թիվն աճում է, ինչը շատ ուրախալի է։ 
«Մեր կինոն, ցավոք, իր զարգացմամբ հետ է մնում տարածաշրջանի երկրների կինեմատոգրաֆից, բայց մենք անպայման կհասնենք հարևաններին։ Կարևորը տաղանդավոր երիտասարդությանն օժանդակելն է»,– ընդգծեց Խաչատրյանը։ 

VivaCell-MTS–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ մեդիայի և արվեստի կապն այսօր շատ կարևոր է։ «Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդությունը հավատա իր ուժերին»,– ասաց նա։ 

Փառատոնը կտևի մինչև փետրվարի 25–ը, իսկ արդյունքները կամփոփվեն 2015 թվականի փետրվարի 25–ից մինչև մարտի 5–ն ընկած ժամանակահատվածում և կհայտարարվեն հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ։

Գլխավոր մրցանակակիրը կստանա 400 հազար դրամ և դիպլոմ (շուրջ 960 դոլար)։ Նախատեսված են նաև խրախուսական մրցանակներ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրածների համար։ Մասնավորապես, նրանք կստանան 10 օրվա ընթացքում անվճար օգտվել պրոֆեսիոնալ տեխնիկայից։ 

Կինոփառատոնում ներկայացված ֆիլմերը կցուցադրվեն բացառապես Webtv.am ինտերնետ–հեռուստատեսությամբ։ 
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ցանկացած ժանրի` մինչև 30 րոպե տևողության ֆիլմ։ -0-