ArmStyle

«Armenia Production»–ի պրոդյուսեր և գլխավոր տնօրեն Վալերի Սահարյանը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին, և կինոնկարի գլխավոր գործող անձը կլինի մեծանուն կոմպոզիտոր և երգահան Կոմիտասը։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես կգան Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը և Ադրիան Բրոուդին, հայտնում է Lifenews.ru–ն։

Պրոդյուսերի նախնիները նույնպես զոհվել են կոտորածի ժամանակ, իսկ 1915 թվականի սարսափելի պատմությունները նրան է պատմել ողջ մնացած տատը։ «Նա նետվել է վառվող թոնրի մեջ` վստահ լինելով, որ մահանալու է։ Սակայն ողջ է մնացել և ապրել 111 տարի։ Նա բոլորին պատմում էր, թե ինչ է տեսել սեփական աչքերով»,– հիշում է Սահարյանը։

Պրոդյուսերի ծրագրերի համաձայն` իր նոր «Պացիենտ» ֆիլմի գլխավոր հերոսին կմարմնավորի Ալեն Դելոնը։ Ֆիլմում իրադարձությունները կծավալվեն 20–րդ դարի սկզբին Փարիզի հոգեբուժարաններից մեկում։ Գլխավոր հերոսը Կոմիտասն է, ով անցել է ցեղասպանության սարսափի միջով և չի կարողացել դիմանալ տեսածին։ Կոմիտասը 20 տարի մնացել է կլինիկայում և հենց այնտեղ էլ մահացել։
 
Սահարյանը նշել է, որ իր համար այդ ֆիլմը պարզապես պրոդյուսերական աշխատանք չէ, այլ` հարգանքի տուրք իր նախնիներին։ Այդ պատճառով էլ նա ֆիլմում ներգրավում է այնպիսի մարդկանց, ովքեր անտարբեր չեն ցեղասպանության խնդրի հանդեպ։ Նա խոսել է նաև «System Of А Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ, և «Գրեմմիի» մրցանակակիրը սիրով համաձայնել է երաժշտություն գրել ապագա ֆիլմի համար։ -0-