ArmStyle

«Կարմիր կարկուտ… որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ Այն հայ ժողովրդի արյունոտ ու դաժան էջը ներկայացնում է նոր, փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից։

Ութ րոպե տևողություն ունեցող ֆիլմը, որը բաղկացած մի քանի տասնյակ հազար լուսանկարներից, ներկայացնում է մի քանի փոքրիկ հայ աղջիկների, որոնք նկարվել են 1910 թվականին Ծննդյան տոներին։ Օբյեկտիվին նայող դյուրահավատ դեմքեր, որոնք ժպտում են ուրախությունից, քանի որ Ծննդյան տոնի կապակցությամբ տիկնիկներ են նվեր ստացել օտարերկրյա բարեգործական միությունից։

Հինգ տարի կանցնի, և տիկնիկներն ընդմիշտ կզրկվեն իրենց փոքրիկ տիրուհիներից. նրանց մեծ մասը Հայոց ցեղասպանության զոհ կդառնան։

Պարզ, սակայն հոգեցունց այս պատմությունը, որը ներկայացվում է կինոյի լեզվով, անտարբեր չի թողնի որևէ մեկին։ Իսկ ֆիլմի ավարտին գետնին ընկած տիկնիկները բառերից առավել խոսուն մեղադրանք կներկայացնեն դաժան ոճրագործության կազմակերպիչներին ու իրագործողներին։

Ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը պրեմիերայի նախօրեին պատմեց, որ ֆիլմը ստեղծելու համար 50 հազար լուսանկար է արվել, որոնք դարձել են պատմական լուսանկարի շարունակությունը։

«Լուսանկարը հատկապես արժեքավոր է այն պատճառով, որ թուրքերն ու գերմանացիները Ցեղասպանության տարիներին ընդհանրապես արգելում էին լուսանկարել։ Ֆիլմը միաժամանակ մեկ լուսանկարի պատմություն է և Ցեղասպանության մասին պատմելու փորձ»,– ասաց Ստեփանյանը։

Ֆիլմին առանձնահատուկ ողբերգականություն ու խորություն է հաղորդում երաժիշտ Տիգրան Համասյանի երաժշտությունը, որը ներդաշնակորեն ձուլվում է սյուժեին։

«Ֆիլմի համար մշակել եմ Ներսես շնորհալու ստեղծագործություններից մեկը` երգչախմբի և դաշնամուրի համար։ Այդ ստեղծագործությունն ընդգրկվել է նաև իմ «Լույս ի լուսոյ» ձայնասկավառակում, որը կթողարկվի մեկ ամսից»,– ասաց Համասյանը։ -0-