ArmStyle

Հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ReAnimania անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 

Երեկոյի կազմակերպիչներն ու հյուրերը մի ամբողջ տարի սպասում էին այս իրադարձությանը: Առաջինները քրտնաջան աշխատում էին` ընտրելով ֆիլմերն ու  կազմակերպելով միջոցառումը, իսկ մյուսներն անհամբեր սպասում էին աշխարհի տարբեր անկյուններում նկարահանված լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցադրությանը: 

«Մենք գեղեցիկ բացում կունենանք՝ լավ երաժշտական ֆիլմի ցուցադրությամբ, որի ռեժիսորն այսօր մեզ հետ է: Մենք ծանր ֆիլմ չենք ընտրել, այս ֆիլմը կարող է գերել ցանկացած հանդիսատեսի սիրտը», — «ԱՌԿԱ Style»-ին ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Վրեժ Քասունին: 

Եվ չսխալվեց… Փառատոնի կազմակերպիչների և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի ողջույնի խոսքից հետո ցուցադրվեց «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» ֆրանսիական անիմացիոն ֆիլմը, որի ռեժիսոր Ստեֆան Բյոռլը անձամբ ներկա էր ցուցադրությանը: Չնայած նրան, որ ֆիլմը համեմատաբար նոր է, այն արդեն հասցրել է գերել եվրոպացի հանդիսատեսին և անգամ արժանանալ մի շարք փառատոնների մրցանակներին: 

«Սա երաժշտական անիմացիա է մի տղայի մասին, ով սրտի փոխարեն կկվով ժամացույց ունի: Այն նախաատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Ֆիլմը սիրո հուզիչ ֆանտաստիկ պատմություն է», — այսպես ներկայացրեց ֆիլմը ռեժիսոր Ստեֆան Բյոռլը «ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում:

«Հայաստանում առաջին անգամ եմ, և ինձ շատ հաճելի է մասնակցել նման հիանալի փառատոնի: Ինձ նաև հաճելի է, որ իմ աշխատանքն է ընտրվել որպես փառատոնի բացման ֆիլմ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ, և ես հույս ունեմ լավ ուսումնասիրել ձեր երկիրը», — ավելացրեց ռեժիսորը: 

Էկրանին 90 րոպե ներկայացվում է Ջեքի պատմությունը, ում սրտի փոխարեն կկվով ժամացույց է: Մայրը լքում է Ջեքին ծնվելուց անմիջապես հետո, և նրան դաստիարակում է մանկաբարձուհին, որը երբեք սեփական երեխաներ չի ունեցել: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի Եվրոպայում: 

Տղան ծնվում է տարվա ամենացուրտ օրը և այդ պատճառով սառած սիրտ ունի, որը հետագայում մանկաբարձուհին փոխարինում է մեխանիկական ժամացույցով: Կենդանի մնալու համար տղան պետք է խստորեն հետևի երեք կանոնների, որոնցից ամենադժվարն ու մահացուն երբեք չսիրահարվելն է:  

Ֆիլմի ընթացքում Ջեքին սպասում են բազմաթիվ արկածներ և խոչընդոտներ, հանդիպումներ և ճամփորդություններ, հիասթափություն և հույս: Եվ իհարկե՝ սեր…

«Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» իսկապես տարբեր զգացմունքներ առաջացրեց ներկաների մոտ: 

Փառատոնն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 25-31-ը: Այս տարի մրցութային ծրագրի հինգ անվանակարգերում ներկայացված է 200 ֆիլմ, իսկ փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի ավելի քան 400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ ու հոլովակ:

Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ:

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Փառատոնի բացման ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ: -0-