ArmStyle

«Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային նոր լիամետրաժ վավերագրական ֆիլմն առաջին անգամ մեծ էկրաններին կցուցադրվի նոյեմբերի 25–ին։ Պրեմիերան տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։ 

Սցենարի հեղինակ, ռեժիսոր և ֆիլմի հեղինակ Լուսինե Գևորգյանը լրագրողներին պատմեց, որ ժապավենը նկարահանվել է Հայաստանի սուրբ վայրերում, ինչպես նաև Երուսաղեմում և Բեթղեհեմում։ 

«Իմ ֆիլմում ես փորձեցի ցույց տալ քաղաքակիրթ միայնակ մարդու, ով կորցրել է կապը բնության հետ և փորձում է կյանքի իմաստը գտնել Աստծո օգնությամբ»,– պատմեց Գևորգյանը։ 

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարահանվել է ճանապարհային գրառումների տեսքով։ 

«Ինձ համար այդ ֆիլմը խորհրդանշում է աղոթք, հեքիաթ, երկխոսություն Աստծո հետ։ Իմ աշխատանքում ես ճանապարհորդությունից ունեցած իմ զգացողություններն ու տպավորություններն եմ կիսել։ Կարծում եմ, որ այդ ֆիլմը, նախևառաջ, պետք է զգալ»,– ասաց նա։ 

Գևորգյանը խոստովանեց, որ ֆիլմի ստեղծման ուղղությամբ աշխատել է ավելի քան երեք տարի։ 

«21–րդ դարում մենք դարձել ենք անհոգի մեքենա, քաղաքակրթության զոհեր, ովքեր, հոգևոր արժեքները կորցրած` ընկել են նյութական բարիքի հետևից։ Կարծում եմ` ֆիլմը կօգնի մեզանից յուրաքանչյուրին վերաիմաստավորել սեփական արժեքները»,– ասաց Գևորգյանը։ 

Ֆիլմի հեղինակը նաև հայտնեց, որ մտադիր է ներկայացնել ֆիլմը տարբեր փառատոներում` ֆինանսական և կազմակերպչական հարցերի լուծման դեպքում։ -0-

https://www.youtube.com/watch?v=Zgw-ofLKDqY