ArmStyle

Երեքշաբթի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային վավերագրական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը գերել է հանդիսատեսին իր պարզությամբ, մաքրությամբ և խորը փիլիսոփայությամբ։ 

Ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր և հեղինակ Լուսինե Գևորգյանը պրեմիերայից առաջ ներկաներին պատմել է դժվարին ճանապարհի մասին, որն անցել են ինչպես նկարահանումների ընթացքում, այնպես էլ ֆիլմի ստեղծման աշխատանքների ժամանակ։ 

«Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ այս աշխատանքում, որը ինձ հեշտությամբ չի տրվել։ Դժվար է հոգևոր ֆիլմ ստեղծելը», – ասաց ֆիլմի հեղինակը։

Նա նշեց, որ ֆիլմի մոնտաժն իրականացվել է մի քանի փուլով։

«Երբ Իսրայելից վերադարձա Երևան և սկսեցի մոնտաժման աշխատանքները, ես սկսեցի ատել այս ֆիլմը։ Այն կատարվել էր բոլոր կանոններով, սակայն օտար էր ինձ։ Այդ ժամանակ ես մի կողմ դրեցի աշխատանքը` ինձ վերագտնելու համար։ Ես երկար աղոթում էի, շփվում հոգևորականների հետ և որոշ ժամանակ հետո սկսեցի կրկին մոնտաժել ֆիլմը, ինչի արդյունքը մենք այսօր կտեսնենք», – ասաց Գևորգյանը։

Ֆիլմի գաղափարն այն է, թե ինչպես ժամանակակից մարդը, հարստանալով նյութական իմաստով, կորցնում է իր հոգևոր էությունն ու հեռանում Աստծուց։

«Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմը նկարահանվել է, Հայաստանի, Երուսաղեմի և Բեթղեհեմի հոգևոր վայրերում։

50 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացված են եկեղեցիներում մատուցվող սուրբ պատարագները, Երուսաղեմի հայկական եկեղեցին։ Բացի այդ, հեղինակը զուգահեռներ է տանում և ընդգծում է երկու ժողովուրդների պատմական կապը։
Ֆիլմը նկարահանված է ճանապարհային նոթերի տեսքով։

«Ինձ համար այս ֆիլմն աղոթք է, և ես կարծում եմ, որ դիտելով այն` կարելի է հասնել հոգևոր մաքրության», – ասաց Գևորգյանը։

Ֆիլմի ցուցադրությունից հետո հեղինակը քննարկեց այն հանդիսատեսի հետ։

Ավելի վաղ Գևորգյանը տեղեկացրեց, որ մտադիր է ներկայացնել ֆիլմը տարբեր փառատոններում ֆինանսական և կազմակերպչական հարցերի լուծման դեպքում։ -0-