ArmStyle

Ճապոնական ֆիլմերի փառատոն կկազմակերպվի նոյեմբերի 7-11-ը Երևանում, Գյումրիում և Էջմիածնում: Փառատոնի շրջանակում կցուցադրվի հինգ լիամետրաժ ֆիլմ՝ «Երջանիկ թռիչք», «Միշտ մայրամուտներ 3–րդ փողոցում», «Ինձնից քեզ», «Գեղագրությամբ զբաղվող աղջիկներ» և «Երջանկության բլիթներ»։

«Այս միջոցառումն ամենահետաքրքիրներից է Հայաստանի մշակութային կյանքում: Փառատոնը ոչ միայն երկու երկրների միջև մշակութային երկխոսություն է  ապահովում, այլ նաև նպաստում է Հայաստանի մշակութային կյանքի ապակենտրոնացմանը, քանի որ ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Երևանում», — մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:

Նրա խոսքերով՝ տարեցտարի հայկական հասարակության մեջ մեծանում է այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Սասամե Կենիչիրոն հույս հայտնեց, որ հայ-ճապոնական հարաբերությունները հետագայում կզարգանան:

«Ես շատ ուրախ եմ, որ ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում և Էջմիածնում», — նշեց նա:

Փառատոնի բացումը նախատեսված է նոյեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Բացի այդ, միջոցառման շրջանակում կկազմակերպվեն ֆիլմերի քննարկումներ: -0-