ArmStyle

«Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հանդիսատեսի դատին կհանձնեն «1915» հոգեբանական թրիլլերը, որը ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկի մասին է, հաղորդում է նկարահանող խմբի PR ծառայության ներկայացուցիչ Լարիսա Ասլանյանը։ 

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հոգեբանական թրիլլերի պրեմիերան տեղի կունենա 2015 թ.–ի ապրիլի 24–ին Լոս Անջելեսում։ 

«1915»–ը Լոս Անջելեսում նկարահանված Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի համատեղ աշխատանքն է, որը պատմում է Ցեղասպանության մասին։ 

«1915»–ը պատմում է գլխավոր հերոսի վտանգավոր և վիճելի առաքելության մասին, ով պետք է վերակենդանացնի մոռացված վիշտը։ Ֆիլմը կարևոր դերակատարություն կունենա այն գլոբալ շարժման մեջ, որի նպատակն է լույս սփռել բոլոր ցեղասպանությունների վրա, որոնք իրականացվել են նախորդ հարյուրամյակում։ 

Հայաստանում պրեմիերան տեղի կունենա Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ։ 

«Ակնկալում ենք, որ «1915»–ը կդառնա ավելի մեծ մի բան, քան պարզապես ֆիլմը», – նշեց համահեղինակ և ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։ «Այս ֆիլմը նկարահանվել է ոչ միայն որպես գեղարվեստական աշխատանք, այլ նաև որպես հակահարված շարունակական լռության, անտարբերության և ժխտման դեմ, որոնք գոյություն են ունեցել մեկ դարի ընթացքում», – նշում է Հովհաննիսյանը։ 

Հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Գրեմմի» մրցանակակիր, «System of a Down» ռոք–խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ֆիլմի կոմպոզիտորը կլինի։ 

Ֆիլմի պրոդյուսերը Թերի Լեոնարդին է, դերերում ` Սիմոն Աբգարյան, Անժելա Սարաֆյան, Սեմ Փեյջ, Նիկոլայ Կինսկի և Ջիմ Փիդոք։ 

Լրացուցիչ տեղեկատվությունը` 1915themovie.com կայքում։ -0-