ArmStyle

«Cinema-Express: Հայաստան-Վրաստան» առաջին կինոփառատոնը դարձել է երկու ազգերի միջև մշակույթների երկխոսության հաջող օրինակ, կարծում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Այս նախագծի իրականացման գաղափարը  ծնվել է հուլիսին՝ «Ոսկե ծիրանի» անցկացման ժամանակ: Մինչ այդ մենք բազմիցս հայկական ֆիլմեր ենք ցուցադրել Վրաստանի հայաբնակ շրջաններում, սակայն ավելի ուշ որոշեցինք համատեղ ջանքերով կազմակերպել ինքնատիպ «փառատոն անիվների վրա», ինչը մեզ հաջողվեց երկու երկրների մշակույթի նախարարությունների շնորհիվ», — ասաց Խաչատրյանը լրագրողներին:

Համատեղ ջանքերի արդյունքում արդեն սեպտեմբերին «անիվների վրա փառատոնը» սկսեց իր շրջագայությունը Հայաստանի և Վրաստանի շրջաններով՝ ընդհանուր առմամբ լինելով երկու երկրների տասը քաղաքներում և գյուղերում: 

«Հայկական կողմը ներկայացրել է վեց ֆիլմ, որոնցից չորսը՝ կարճամետրաժ: Մեր վրացի գործընկերները կինոփառատոնին ներկայացրել են երեք լիամետրաժ ֆիլմ: Որոշ ֆիլմեր ցուցադրվել են բաց երկնքի տակ՝ մեկ հարթակում միավորելով տարբեր համայնքների բնակիչներին», — ասաց Խաչատրյանը: 

Կազմակերպիչները կարծում են, որ հեռավոր շրջանների բնակիչները ևս պետք է ակտիվորեն մասնակցեն մշակութային կյանքին, հնարավորություն ունենան դիտել ֆիլմեր և բանավեճեր անցկացնել տարբեր սոցիալական և մշակութային հարցերի շուրջ: 

Հայկական և վրացական ֆիլմերն արդեն ցուցադրվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում:

Ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ հայկական կողմը ներկայացրել է Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ ֆիլմը և Լուսինե Սարգսյանի «Շքամուտք » ֆիլմը, ինչպես նաև Օքսանա Միրզոյանի «140 դրամ», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» և Դիաննա Կարդումյանի «Երկխոսություններ» կարճամետրաժ աշխատանքները:

Վրացի մասնակիցները ներկայացրել են Ռուսադան Չիկոնիայի «Ժպտացեք», Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» և Թինաթի Քաջրաշվիլու «Հարսնացուներ» ֆիլմերը: -0-