ArmStyle

Ապրիլի 24–ին աշխարհը կրկին ցնցվելու էր, երբ հերթական անգամ դիտելու էր 20–րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց եղեռնի ժամանակագրությունն արձանագրած վավերագրական կադրերն ու լուսանկարները։  

2015 թվական, ապրիլի 25, «Մոսկվա» կինոթատրոն», ֆիլմ, որի վերնագիրն արդեն ամեն ինչ ասում է` «1915»։ 

Սա դարասկզբի ողբերգության մասին պատմող ամենասպասված պրեմիերան էր։  Ամերիկահայ կինոգործիչներ Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը ֆիլմը նկարահանել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ։ 

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ամերիկայում 2015 թվականին։ Լոս Անջելեսի ամենահին թատրոնի ռեժիսորը պիես է բեմադրում Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Ներկայացումը հասարակության շրջանում ատելության և այլատյացության նոր ալիք է բարձրացնում, իսկ թատրոնում իրար հաջորդող անհասկանալի իրադարձությունները սարսափի մեջ են պահում թատերախմբին։

Ֆիլմում միմյանց փոխկապակցված երկու զուգահեռ գործողություններ են ծավալվում։ Առաջին գործողությունները կատարվում են բեմում և ներկայացնում 1915 թվականի սարսափները` հանդիսատեսը տեսնում է հայ տղամարդկանց բռնի զորակոչը թուրքական բանակ, կանանց և երեխաների արտաքսումը դեպի անապատ, որտեղ նրանք անխուսափելի մահվան են դատապարտվում։ Եվ բարձրակետը` ներկայացման գլխավոր հերոսուհին, որին մարմնավորել է Անժելա Սարաֆյանը, համաձայնում է թուրք սպայի առաջարկին և փախչում նրա հետ` որդուն թողնելով մահվան ճանապարհին, որպեսզի կարողանա փրկել ինքն իրեն և դեռ չծնված մանկիկին։
Ներկայացման դերասանների իրական կյանքը նույնպես հեռու է բարեկեցիկ լինելուց։ Ռեժիսորի (նրա դերում հանդես է գալիս Սիմոն Աբգարյանը) կինը` ներկայացման գլխավոր հերոսուհին, երեխայի մահից հետո ծանր հոգեբանական վիճակում է հայտնվել, ինքն իրեն մեղադրում է փոքրիկի մահվան համար։ Եվ նրա ամուսինը որոշում է կնոջը ծանոթացնել հմայիչ և հաջողակ դերասանի հետ, որը ներկայացման մեջ թուրք զինվորի դեր է խաղացել… 

Կարելի է ասել` ֆիլմի հիմնական ուղերձը հետևյալն է` ամեն կերպ գոյատևել, ապրել ցանկացած գնով։ Կարգախոսը վիճելի է, սակայն յուրաքանչյուր ֆիլմ կարելի է հաջողված համարել, եթե այն բանավեճեր ու քննարկումներ է առաջացնում։  

Քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հովհաննիսյանը,  ֆիլմի ռեժիսորն է և սցենարիստը։ Նա պատմեց, թե ինչու է որոշել նկարահանել այդ ֆիլմը։ «Մի քանի տարի առաջ ես իմ համահեղինակ Ալեք Մուհիբյանի հետ սկսեցի աշխատել «1915» ֆիլմի վրա։ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին մենք որոշեցինք, որ պարտավոր ենք ֆիլմն ավարտին հասցնել մինչև այդ օրը»,– ասաց Հովհաննիսյանը։ 

Ըստ նրա, ֆիլմը ոչ միայն հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերին, այլև` 1915 թվականի ողբերգության մասին նորովի խոսելու յուրօրինակ մի փորձ։ «Այդ նպատակով հավաքվեցին տաղանդաշատ մարդիկ` ֆրանսիացի դերասան Սիմոն Աբգարյանը, դերասանուհի Անժելա Սարաֆյանը և հայտնի ռոք–երաժիշտ Սերժ Թանկյանը, որն զգում է 1915 թվականի ցավն ու ցասումը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 1915 ֆիլմն անցած 100 տարիների մասին է, այն չունի կոնկրետ քաղաքական կամ պատմական ուղերձ։ «Բայց մենք ցանկանում ենք, որ ֆիլմը դիտած մարդիկ կինոթատրոնից դուրս գան նոր զգացումով։ Դա ֆիլմ է Հայոց ցեղասպանության անտեսանելի հետևանքների, հոգեբանության մասին։ Մենք ուզում ենք հասկացնել, որ անցյալը չի մեռել, որ 1915 թվականի միլիոնավոր ուրվականները մեր կողքին են, որ դեռ շատ բան ունենք անելու պատմության համար։ Հայոց ցեղասպանության ստվերը դեռ խանգարում է ապրել հայ ժողովրդին»,– ասաց Հովհաննիսյանը։ 

Մամուլի ասուլիսի ֆոտոժապավենը կարելի է դիտել այստեղ։ -0-