ArmStyle

Շուրջ երկու տարվա դադարից հետո WDF Docando ֆեդերացիայի նախագահ, դերասան, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանը նոյեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանրության դատին հանձնեց իր նոր՝ «Ստվերները դրախտում» («Shadows in heaven») ֆիլմը: Սա կինոռեժիսորի թվով 8-րդ ֆիլմն է: 

Մինչև ֆիլմի ցուցադրությունը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, ով ասաց, որ երեք անգամ դիտել է ֆիլմը: «Երեք անգամ, որովհետև ուզում էի լիակատար ընկալել այն: Գոռ Վարդանյանի բոլոր ֆիլմերում գլխավոր հերոսը պայքարում է արդարության համար և պայքարում է մինչև վերջ: Հաճախ շատ դաժան է լինում, բայց պայքարում է, ու նրա հերոսը դրական հերոս է»,- ասաց Գևորգյանցը։

Իր հերթին Գոռ Վարդանյանը նշեց. «Բավական դժվար է եղել ինձ համար հասնել այն աստիճանի, որ անգլերեն ֆիլմ նկարահանեմ: Երևի չարչարվել եմ մոտավորապես 18 տարի, գիշեր ու ցերեկ, ու դրա համար շնորհակալ եմ և՛ Աստծուն, և՛ իմ ծնողներին: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ֆիլմի նկարահանումներին»: 

Ինչպես իր նախորդ ֆիլմերում, ամերիկյան շուկայի համար նկարահանված «Ստվերները դրախտում» ևս Գոռ Վարդանյանը գլխավոր հերոսի` Մաքսի դերում է: 

Կինոնկարը պատմում է ներգաղթյալների կյանքի մասին: Գլխավոր հերոսներն արյունակից եղբայրներ Մաքսն ու Սեմն են: Ֆիլմում Մաքսը միայնակ հայր է։ Սեմն ունի ընտանիք, նաև կապեր ունի հանցավոր աշխարհի հետ, զբաղվում է թմրանյութերի բիզնեսով ու երեխաների վաճառքով: Անընդհատ հարստանալու  մոլուցքը նրան դրդում է բիզնեսի մեջ «գրավ» դնել սեփական ընտանիքը, արդյունքում կորցնում է երեխաներին: Եղբոր՝ Մաքսի միակ որդին ևս հայտնվում է մահվան ճիրաններում: Գոռ Վարդանյանի բնորոշմամբ` հայկական «թասիբի» մասին պատմող այս ֆիլմի վերջում Մաքսը սպանում է եղբորը՝ Սեմին: Ի դեպ, ֆիլմում նկարահանվել են նաև Գոռ Վարդանյանի երկու որդիները` Մաքսի որդու և Սեմի որդու դերերում: 

Գոռ Վարդանյանի նախորդ ֆիլմերի հասցեին բազմիցս քննադատություններ էին հնչում՝ կապված կերպարների, բառապաշարի հետ: Եվ այս ֆիլմի ցուցադրությունից հետո «ԱՌԿԱ Style»-ի թղթակիցը փորձեց պարզել, թե ինչ տպավորություններ ու գնահատականներ ունեն ներկաները ֆիլմի մասին: 

Ռուբեն Գևորգյանցը հրաժարվեց կարծիք հայտնել` նշելով, որ ինքն էլ է կինոռեժիսոր ու չէր ցանկանա գնահատական տալ այլ կինոռեժիսորի ֆիլմին: «Ավելի լավ է դիմեք ոչ մասնագետներին, լսեք նրանց կարծիքը»,- ասաց նա: 

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում զերծ մնաց ֆիլմի մասին կարծիք հայտնելուց: Նա գերադասեց խոսել ավելի շատ Գոռ Վարդանյանի մասին. «Ես գնահատում եմ Գոռի նպատակասլացությունը: Նա նպատակ է դնում իր առջև ու կարողանում է հասնել այդ նպատակին: Թե որքանով է հաջողվում նրա կատարած աշխատանքը, թող գնահատեն մասնագետները: Ես կինոգետ չեմ, ֆիլմի մասին չեմ կարող կարծիք արտահայտել: Միայն մի բան կարող եմ ասել` ֆիլմը դժբախտ ընտանիքի մասին է, որի վերջաբանը, իմ կարծիքով, մի փոքր դաժան ու խիստ էր»: 

Իսկ ֆիլմում հնչած երաժշտությունը Արա Գևորգյանին դուր էր եկել: «Կարևոր է այն, որ Գոռն աշխատում է: Աշխատող մարդն է ունենում հաջողություններ կամ բացթողումներ: Ես գնահատում եմ աշխատասեր մարդուն: Չեմ բացառում, որ մի օր իր աշխատանքի և աշխատասիրության արդյունքում նա արժանանա նաև ամենամեծ մրցանակների: Ես Գոռին հաջողություն եմ մաղթում»,- իր խոսքը եզրափակեց երգահանը: 

Ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, որոնց կարծիքն իմանալու համար «ԱՌԿԱ Style»-ի թղթակիցը կապվեց նրանց հետ: Դովլաթյանը նշեց, որ մինչև վերջ չի հասցրել դիտել ֆիլմը, չի կարող կարծիք հայտնել, իսկ Քոթանջյանը խոստացավ ավելի ուշ հանգամանալից անդրադառնալ ֆիլմին:

Նշենք, որ պրեմիերային ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Գոռ Վարդանյանը 1999թ-ից սկսած եղել է մի շարք ֆիլմերի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր` «Խավարման օրը» (1999 թ.), «Ընտրություն» (2000 թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Լոտոսի հարվածը-4» (2004 թ.), «Ճակատագիր» (2005թ.): 2008թ. նկարահանել է «Վրիժառու», իսկ 2010 թ.` «Վրիժառու-2» բազմասերիանոց ֆիլմերը: -0-