ArmStyle

Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային երկրորդ փառատոնի հանդիսավոր փակումը։ Փառատոնին մասնակցող ֆիլմերը նշվեցին չորս անվանակարգերում` «Հավատ», «Հույս», «Սեր» և «Խաղաղություն»։

«Հավատ» անվանակարգում հաղթող դարձան «Աղջիկը լուսնի վրա» (Հայաստան, Արեն Մալաքյան), «Մարդասպանի սիրտը» (Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ), «Ոգին շարժման մեջ» (Ռուսաստան, Սոֆյա Գևեյլեր, Ջուլիա Բիվշևա, Սոֆյա Կուչեր)։ «Հույս» անվանակարգում ժյուրին հաղթող ճանաչվեցին «Անձայն մարդասպան» (Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա), «Ցնցումից հետո» (Իրան, Մահմուդ Յազդանի Բագրամաբադի), «Մայիս 1945» (Բելառուս, Նոննա Սիսակյան) ֆիլմերը։

«Սեր» անվանակարգում հաղթող դարձան «Ես հենց նոր երազ տեսա» (Իսպանիա, Խավի Նավարո), «Մեծ տղա» (Ռուսաստան, Յուրի Սոլոդով), «Կոկտեբելյան խճաքարեր» (Ռուսաստան, Անդրեյ Օսիպով) ֆիլմերը։

«Խաղաղություն» անվանակարգում հաղթեցին «Զգացմունքներ» (Իսպանիա, Խոսե Վեգա), «Ռանգան 99» (Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի), «Մրջյունների բնակարանը» (Իրաք, Տոֆիղ Ամանի) ֆիլմերը։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում պարգևի արժանացավ իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Ժողովող» ֆիլմը։ Փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակով պարգևատրվել է ավազե անիմացիայի նկարիչ Դարյա Կոտյուխը, ով փառատոնի փակմանը ներկայացրեց երկու տպավորիչ ինստալյացիաներ ավազից։

Պետք է նշել, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

«Ֆրեսկո» փառատոնը տարեցտարի նոր թափ է հավաքում

Փառատոնի ծրագրերի պատասխանատու Աննա Կարապետյանը, ամփոփելով փառատոնի արդյունքները, ասաց, որ այս տարի փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ոչ միայն ավելի շատ երկրներ, այլ նաև զգալիորեն ավելացել է  հանդիսատեսի թիվը։

«Ֆիլմերի ցուցադրության երեք օրերը տեղի են ունեցել Կարապի լճի տարածքում` Երևանի սրտում։ Այնուհետև մենք մեկնել են Հառիճավանք, որտեղ փառատոնն ընթացել է ճամբարային ձևաչափով, որը փառատոնի ամենասիրված մասն է։ Իսրայելցի անվանի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանն անցկացրել է վարպետության դաս»,– ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով` այս տարի հատուկ ուշադրություն է դարձվել «Խաղաղություն» անվանակարգին, քանի որ փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–ամյակին։

Արտասահմանյան հյուրերի գնահատականները

Իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, ում «Մուհամմեդը և ձկնորսը» ֆիլմն անցյալ տարի դարձել է փառատոնի հաղթողներից մեկը «Մեր ժամանակի հերոսը» անվանակարգում, խոսոտվանեց, որ փառատոնն իր ձևաչափի մեջ յուրահատուկ է, քանի որ այն անցկացվում է բաց երկնքի տակ։

«Ոչ մի երկրում նման փառատոն չկա։ Փառատոնի շնորհիվ ես ծանոթացա հայկական հյուրընկալության հետ և ինձ զգում եմ ինչպես տանը»,– ասաց Լեոպարդին։

«Հույս» անվանակարգում «Մայիս 1945» հաղթող ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Նոննա Սիսակյանը Բելառուսից պատմեց իր ֆիլմի մասին և կիսվեց փառատոնի մասին իր տպավորություններով։

«Մեր ֆիլմը շարք է` կազմված յոթ փաստագրական հոլովակներից Հայրենական մեծ պատերազմի վերջին շաբաթվա մասին։ Յուրաքանչյուր սերիան նվիրված է Գերմանիայի կապիտուլյացիայից և Պրահան գրավելուց հետո մեկ քաղաքի ազատագրմանը»,– ասել է Սիսակյանը։

Ֆիլմ նկարահանելու համար նկարահանող խումբն այցելել է այդ բոլոր քաղաքները, նկարել վետերաններին։ «Բոլորի համար պատերազմն ավարտվել է Գերմանիայի կապիտուլյացիայից հետո, բայց իրականում այն շարունակվել է, մարդիկ իրենց կյանքն են զոհել, որպեսզի մենք այսօր ապրենք»,– ասաց նա։

Հենց այդ մարդկանց և Մեծ հաղթանակի 70–ամյակին էլ նվիրել է Նոննա Սիսակյանն իր ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է փառատոնում։ «Ամեն ինչ հիանալի անցավ։ Մեզ համար մեծ անակնկալ էր փառատոնի հրավերը։ Այս ձևաչափը շատ ճիշտ է. որովհետև այն հնարավորություն է տալիս կինեմատոգրաֆիստներին շփվել միմյանց հետ և քննարկել ֆիլմերը»,– ասաց ռեժիսորը։

Նա նշեց, որ փորձ փոխանակելու հնարավորությունից բացի, նա Հայաստանում ստացել է հոգևոր բավականություն` այցելելով այդ երկրի տեսարժան վայրերը։ «Ես նույնիսկ փշաքաղվել էի այն գեղեցկությունից, որը տեսա Էջմիածնում»,– չկարողացավ զգացմունքները զսպել ռեժիսորը։

«Ֆրեսկո 2015»–ի գագաթնակետը և հրաժեշտը դարձան աղոթը և մոմավառությունը։ Խոտերին բարձերի վրա նստած հանդիսատեսին բաժանեցին աղոթքի տեքստով թղթագլաններ և մոմեր։ Դե ինչ, սպասում ենք նոր հանդիպման մեկ տարի անց։ Ցտեսություն, Ֆրեսկո 2015։

«Ֆրեսկո» առաջին փառատոնը, որն անցկացվել է Հայաստանում 2014 թվականի հունիսի 21-ից հուլիսի 6-ը, բավականին հաջողված էր։ Փառատոնն անցկացվում էր բարձր մարդասիրական արժեքները տարածելու և պահպանելու նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում էին քննարկումներով, որոնք հասարակության շրջանում մեծ արձագանք էին ստանում։ Քննարկումներին մասնակցում էին նաև փառատոնի անվանի հյուրերը։ 

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է: -0-