ArmStyle

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնը կմեկնարկի հունիսի 27-ին Կարապի լճի տարածքում: 

Բացօթյա բեմ, մեծ էկրան, «Ֆրեսկո» բարձեր՝ գետնին հարմարավետ տեղավորվելու համար, համերգային ծրագիր, բարձր տրամադրություն և ևս մի քանի անակնկալ։ Ահա թե ինչ են խոստանում փառատոնի կազմակերպիչները: 

Բացման արարողությանը ներկա կլինեն փառատոնի հատուկ հյուրերը: Նրանցից մեկը՝ ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը, հենց տեղում՝ Կարապի լճում տեղադրված էկրանի վրա, ավազե անիմացիա կներկայացնի: Ելույթ կունենան նաև «Որդան կարմիր» հայտնի ռոք խումբը և «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը, որում ընդգրկված կատարողների մեծ մասը հաշմանդամներ են:   

Այս տարի «Ֆրեսկո» երկրորդ փառատոնն անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Փառատոնը ֆիլմերի մասնակցության 600 հայտ է ստացել, սակայն մրցութային ծրագրում ընդգրկվել են դրանցից միայն 53-ը: 

Բացօթյա դիտումները կազմակերպվելու են ամեն օր Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը՝ հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են Շիրակի մարզում՝ Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի ձևաչափով: Փառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ ֆոտոցուցահանդեսն է:  

Հարկ է նշել, որ 2014թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ն անցկացված «Ֆրեսկո» առաջին փառատոնը հաջողությամբ էր անցել։ 

Փառատոնն անցկացվում է բարձր հումանիտար արժեքները տարածելու և հաստատելու նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում են քննարկումներով, որոնք լայն արձագանք են գտնում հասարակության շրջանում։ Քննարկումներին մասնակցում են նաև փառատոնի հայտնի հյուրերը։ 

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-