ArmStyle

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կանցնի Երևանում 2015 թ.–ի հունիսի 26–ից հուլիսի 6–ը։ Ինչպես «ԱՌԿԱ Style»-ին տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները, փառատոնի ողջ ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

«2015 թ.–ին փառատոնը կանցնի մեծ թափով և կլինի ավելի ընդգրկուն։ Տասը օրվա ընթացքում բաց երկնքի տակ հետաքրքիր ֆիլմերի անվճար շուրջօրյա ցուցադրությունները կդառնան երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կյանքի անբաժանելի մասը։ Կարապի լճի շուրջ կկազմակերպվի լուսանկարների ցուցահանդես բաց երկնքի տակ», – ասաց փառատոնի հիմնադիր Շահեն Նազարենկոն։ 

Նա նշեց, որ փառատոնի հյուրերին հնարավորություն կընձեռվի դիտել թատերական ներկայացումներ` նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը միջոցառմանը կհաղորդի նոր գույներ և թարմություն։ 
Փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն կհատկացվի հատուկ սոցիալական խմբերի և սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց հետ աշխատանքին։ Փառատոնի հիմնական գաղափարական ուղղվածությունը 2015 թ.–ին կլինի խաղաղությունը։ 

2014 թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ն անցկացված «Ֆրեսկո» առաջին փառատոնը բավականին հաջող էր։ 
Փառատոնն անցկացվում է բարձր հումանիտար արժեքների տարածման և հաստատման նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում են քննարկումներով, որոնք առաջացնում են հասարակության լայն արձագանքը։ Քննարկումներին մասնակցում են նաև փառատոնի հայտնի հյուրերը։ 

«ԱՌԿԱ Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-