ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Նախորդ հանգստյան օրերին FRESCO միջազգային փառատոնը ժամանակավորապես Երևանից տեղափոխվել էր Հայաստանի գեղատեսիլ մարզերից մեկը` Լոռի:

Հունիսի 26-28-ը Օձունի վանական համալիրի և Ախթալայի միջնադարյան եկեղեցու հարևանությամբ կազմակերպվել էր բացառիկ կինոճամբար, որն իր հարկի տակ էր հավաքել փառատոնի ավելի քան 130 մասնակցի: Մի քանի օրվա ընթացքում ճամբարում կինոցուցադրություններ էին կազմակերպվում, որոնց նպատակը  երիտասարդներին համախմբելը և փառատոնի հյուրերին Հայաստանի հետ ծանոթացնելն էր:

«Կինոցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանները` փառատոնի կազմակերպիչները «ստիպում էին» կինոարշավի մասնակիցներին (առանց ճնշում գործադրելու) ծանոթանալ այդ հուշարձանների, տեղի կենցաղի հետ, ինչպես նաև շփվել բնության և տեղի բնակիչների հետ»,- տեղեկացնում են կազմակերպիչները:

«Այս փառատոնի ժամանակ ես ամենից շատ գնահատում են մարդկանց մտերմությունը: Կինոաշխարհում շատ են նման միջոցառումները, որոնք գեղեցիկ են միայն արտաքինից, իսկ իրականում ձանձրալի են: Կինոճամբարները հիանալի հնարավորություն են ընձեռում, որպեսզի մարդկանց ներկայացվի այն, ինչ ստեղծված է հենց նրանց համար», — ասել է իտալացի կինոռեժիսոր Ջանլուկա Սոդարոն:

Ֆիլմերի ցուցադրություններից հետո ճամբարի հյուրերն ու մասնակիցները կարողացան զրուցել ներկայացված ֆիլմերի շուրջ:

«ԱՌԿԱ-Style»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է: -0-