ArmStyle

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը հայտնի է նրանով, որ հաջորդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվում են ընթացիկ փառատոնի ավարտից անմիջապես հետո: Այդ պատճառով ինչ տեղի  է ունենում փառատոնային շաբաթվա ընթացքում, թվում է` թե պետք է ծրագրված լինի վայրկյանի ճշտությամբ:

Իհարկե, այդպես էլ կա, սակայն հաճելի և տհաճ անակնկալները դարանակալում են մեզ ամենաանսպասելի պահերին և կարող են դրսևորվել ամենաանկանխատեսելի ձևով:

Այսպես, «Ոսկե ծիրան» Երևանի XI միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի  ունեցավ կիրակի՝ կազմակերպիչներին հատուկ մեծ շուքով և ստեղծարարությամբ, որը նրանք ստիպված էին կիրառել որոշ խնդիրների լուծման համար, որոնց գոյությունը կարող է ծիծաղելի թվալ:

Առաջին խնդիրն այն էր, թե որտեղի՞ց գտնել ծիրան, որն արդեն 11 տարի է բացման արարողության ավանդական հյուրասիրությունն է: Բանն այն է, որ այս տարին հայկական գյուղատնտեսության համար, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէր, և ուժեղ ցրտահարությունների ու պարբերաբար տեղացած կարկուտի հետևանքով առաջին հերթին տուժեցին հենց վաղ ծաղկող ծիրանի ծառերը:

Հենց այդ պատճառով ծիրանն այս տարի իսկապես ոսկու գին ունի, ինչը շատ հաջող կերպով օգտագործեց փառատոնի ղեկավարությունը՝ այս տարվա փառատոնի խորհրդանիշ դարձնելով ոչ թե հասած ծիրաններով լի զամբյուղները, այլև միակ և անասելի ջանքերով ձեռք բերված ոսկե ծիրանը:

Գլխավերևում բարձր պահելով ոսկե ծիրանը՝ կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը սկսեց հպարտությամբ թվարկել այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերի անունները՝ Աննա Մուգլալիս, Ամոս Գիտայ, Քշիշտոֆ Զանուսի, մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ պատվում են կինոաշխարհի ցանկացած իրադարձություն:

Իսկ պատվավոր հյուրերից մեկին՝ հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկին, Խաչատրյանը խնդրեց բեմ բարձրանալ ստանալու փառատոնի արժեքավոր մրցանակը՝ Փարաջանովյան թալերը, որն այն թալերների կրկնօրինակն է, որոնք համաշխարհային կինոարվեստի դասականը, գտնվելով անազատության մեջ, պատրաստում էր կեֆիրի տարայի կափարիչներից:

Համեստ և փոքր-ինչ կաշկանդված բեմ բարձրացավ կորեական կինոյի վարպետ Կիմ Կի-Դուկը, սակայն հայ հանդիսատեսի բուռն ընդունելությունը ստիպեց նրան արտահայտել իր զգացմունքները: «Ի սրտե ցանկանում եմ ասել, որ շատ ուրախ եմ ստանալ այս մրցանակը, որը կրում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը և ցանկանում եմ անպայման շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր Հայաստանում դիտում են իմ ֆիլմերը, չէ՞ որ առանց դրա իմ այցելությունը չէր կայանա», — ասաց նա՝ ձեռքում պահելով բաղձալի մետաղադրամով շրջանակը:

Սակայն պահը չափազանց հուզիչ էր, այդ պատճառով երկար ելույթի փոխարեն վարպետը նախընտրեց մի հատված երգել ժողովրդական երգից, որն իր մեջ ամփոփում կորեացի ժողովրդի ողջ ուրախությունն ու տխրությունը: Զարմանքից հանդիսատեսն ասես քարացել էր և չէր կարող հավատալ, որ Կիմ Կի-Դուկն այդ րոպեներին երգում է իրենց համար, երգի ավարտից հետո հանդիսատեսն իր հիացմունքն արտահայտեց բուռն ծափահարություններով:

Բեմ դուրս եկավ նաև անզուգական օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ով չնայած որ երկու օր առաջ մեծ համերգ էր ունեցել, հանուն «Ոսկե ծիրանի» որոշեց էքսպերիմենտի գնալ և առաջին անգամ կատարել աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը` դուդուկի վարպետ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ: Դահլիճը շունչը պահած լսում էր նրան և կրկին բուռն ծափահարություններով ողջունեց Պապյանին հուզիչ երգի ավարտից հետո:  

Մի խոսքով, այս տարվա «Ոսկե ծիրանի» բացման արարողությունը լի էր անասելի հույզերով և վառ գույներով: Կազմակերպիչներին ոգեշնչել էր մեծ Փարաջանովի ստեղծագործությունը, որի աշխատանքների տեսակոլաժը հավաքեց և արարողության ժամանակ ցուցադրեց իտալացի վարպետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիերոն:

Այսպիսով` թվում էր, թե ամեն ինչ անթերի անցավ, և մնում էր միայն տեղեկատվություն ներկայացնել մրցույթի անվանակարգերի և ժյուրիի անդամների մասին, երբ տեխնիկան հանկարծ խափանվեց, և Հարություն Խաչատրյանը, որպես իսկական նավապետ, սկսեց դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Կատակելով կոնֆերանսիեի տաղանդի բացակայության մասին՝ նա դահլիճի քրքիջի ուղեկցությամբ պատմեց այն մասին, թե ինչպես յոթ անգամ փորձել է ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, իսկ հետո անօգուտ զբաղված էր իր` իբրև նույն բուհի դասախոսի, որոնումներով, և իրեն չէին հասկացել վատ առոգանության պատճառով:

Սակայն հմուտ վարպետները շուտով կարգի բերեցին տեխնիկան, և էկրանին հայտնվեց մրցութային ֆիլմերի, ժյուրիի անդամների, հատուկ ծրագրերի մասին տեղեկատվությունը:

Կարելի է վստահությամբ նշել, որ Երևանի «Ոսկե ծիրան» XI  միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը դարձավ ամենազգացմունքայինն ու հիշվողը, և մնում է հուսալ, որ փառատոնը, որը թևակոխում է երկրորդ տասնամյակը, կլինի նույնքան տպավորիչ և հիշարժան, որքան նրա անկրկնելի մեկնարկն էր

Լուսանկարները` այստեղ: -0-