Ժամը  19:27 է, գլխավոր հերոսը երազանք է պահում: Երազանքը կատարվում է… ուղիղ ժամը 19:27-ին: 

Ապրիլի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Երազանք 19:27» ընտանեկան կատակերգության պրեմիերան:

«Յուրաքանչյուր մարդ ունի երազանք, որն ուզում է իրականացնել: Կան մարդիկ, որ իրենց երազանքի համար ոչինչ չեն անում, նստած միայն երազում են: Մինչդեռ երազանքն իրականություն դարձնելու համար պետք է քայլեր անել»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Լևոն Հարությունյանը, ով ընդգրկված է ֆիլմի դերասանական կազմում: Ֆիլմի կերպարներին մարմնավորել են նաև Անդրանիկ Հարությունյանը, Արսեն Սաֆարյանը, Լիլիթ Քոչարյանը, Տիգրան Բերբերյանը և ուրիշներ: 

«Ունեցի՛ր երազանք: Ֆիլմի ամբողջ մեխը երազանք հասկացությունն է»,- այսպես է մեկնաբանում իր կատարած աշխատանքը սցենարիստ, ռեժիսոր Դավիթ Սիմոնյանը: Ի դեպ, սա նրա առաջին ֆիլմն է: Ռեժիսորի խոսքով` երազանքն սկսվում է այն փուլից, երբ ավարտվում են մարդու հնարավորությունները։ 

Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում և Բերդում: Գյուղ-քաղաք, հայրեր և որդիներ հավերժական խնդիր ու փոխհամաձայնություն: 

Ֆիլմի երկու գլխավոր դերակատարներից մեկը գյուղում ապրող երիտասարդ է, ով  ցանկանում է գալ քաղաք ու քաղաքում իրականացնել իր երազանքները: Երկրորդ հերոսը քաղաքում ապրող մեծահարուստ է, ով ամեն ինչ ունի։ Գյուղի երիտասարդը գալիս է քաղաք, ու սկսվում են հետաքրքիր իրադարձությունները…

Կատակերգական ֆիլմում գյուղից քաղաք եկած տղայի կերպարը կերտել է դերասան Անդրանիկ Հարությունյանը, իսկ քաղաքում ապրող մեծահարուստ երիտասարդի կերպարը` Տիգրան Բերբերյանը: 

Դերասան Լևոն Հարությունյանը ֆիլմում մարմնավորել է գյուղում ապրող գլխավոր հերոսի հոր կերպարը: «Յուրաքանչյուր ծնող իր երեխայի ծնված օրից պատկերացնում է նրա ապագան: Ու, որպես կանոն, միշտ չէ, որ զավակը համապատասխանում է ծնողի երևակայական կերպարին: Հենց այդտեղ էլ սկսվում է կոնֆլիկտը, իրար չհասկանալու խնդիրը: Հոր կերպարի մեջ կա մի ամբողջ ազգի ցանկություն. հայրը որդուն կոչում է Արտաշեսյան դինաստիայի թագավորի անունով` այն հույսով, որ տղան կմեծանա հերոս»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Հարությունյանը: 

Ֆիլմը կարելի է համարել երգիչ Արսեն Սաֆարյանի դեբյուտը: Սա առաջին ֆիլմն է, որտեղ նկարահանվում է երգիչը: Նա հրաշագործի դերում է, ով իրականացնում է երազանքներ: 

«Ինձ համար առաջին հերթին կարևոր են մարդու որակները, հոգեվիճակը, բնավորությունը, հետո նոր պրոֆեսիոնալիզմը: Ա. Սաֆարյանի մոտեցումը, նրա՝ առաջին դասարանցու պես հուզված վիճակն ինձ ոգևորեցին»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմը վերջանում է «Happy end»-ով՝ գյուղից եկած տղան հասնում է իր երազանքին, ու ամեն ինչ լավ է լինում:  

Ֆիլմի ստեղծագործական կազմի խոսքով` ֆիլմում «խուտուտ տալու» խնդիր դրված չէ: Իրենք իրենց առջև ցինիկ կատակերգություն ստեղծելու խնդիր չեն դրել: 

«Եթե հասկանանք, որ ինչ-բան պակաս է, շտկումների անհրաժեշտություն կա, կանենք»- խոստացավ ֆիլմի սցենարիտ-ռեժիսորը: -0-