ArmStyle

«Ժաննա» կինոնկարը, որի պրեմիերան տեղի ունեցավ նախօրեին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, հայ տղամարդկանց յուրահատուկ գովազդ է, ինչի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել` հաշվի առնելով վերջին տարիների ֆեմինիստական և գենդերային շարժումները, ասաց ֆիլմի ռեժիսոր, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը։

«Աստիճանաբար այդ ամենը կտանի նրան, որ հայ տղամարդիկ կվերանան, ինչպես դինոզավրերը։ Իսկ դա վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ մոլորակի համար», — ասաց Երնջակյանը հինգշաբթի ֆիլմի պրեմիերայից առաջ։ 

Նրա խոսքերով` «Ժաննա» ֆիլմը, առաջին հայացքից, պատմում է 18-ամյա Ժաննա դ’Արկի մասին, ում հերոսական ու միաժամանակ ողբերգական պատմությունը լավ հայտնի է բոլորին։  

«Բայց մեր ֆիլմն իրականում մեր մասին է։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ սա առաջին շովինիստական ֆիլմն է հայկական կինոյում, որտեղ բաց տեքստով ասվում է այն մասին, որ հայն իր մարդկային հատկանիշներով գերազանցում է, ասենք, անգլիացիներին և ֆրանսիացիներին», — պնդում է ռեժիսորը։

Նա նշեց, որ անգամ եթե ինքը աշխարհի լավագույն դերասաններին հրավիրելու հնարավորություն ունենար, միևնույն է, այն դերասանական կազմը (Կամերային թատրոնի դերասանները), որոնց ուժերով իրականացվեց նախագիծը, շատ ավելի նախընտրելի է։

Արա Երնջակյանը խոստացավ հաջորդ ֆիլմը նկարահանել կանանց մասին։  «Կփորձարկենք տղամարդկանց վրա, որպեսզի լուրջ աշխատանքի ձեռնամուխ լինենք»։

«ԱՌԿԱ Style»-ի` ֆիլմի բյուջեի մասին հարցին Երնջակյանը նշեց, որ դա ամենաբարդ հարցն է։

«Ֆիլմի հովանավորը Կամերային թատրոնն է, որը տարբերվում է հարստությամբ և մեծ հնարավորություններով։ Թատրոնի հարստությունը նրա դերասանների տաղանդն է։ Եթե այդ կապիտալը փողի վերածենք, ապա սա մեծ բյուջեով ֆիլմ է», — ասաց Երնջակյանը։ 

Դերասան Մխիթար Ավետիսյանը նշեց, որ սա բացառիկ կինո է, որտեղ կերպարները հանդես են գալիս պատմական հանդերձանքով, դեպքերը ծավալվում են իրական իրադարձությունների հիման վրա։ Նրա կարծիքով` ֆիլմը հագեցած է հումորով, այնտեղ ներկայացված է հայկական տիպարը, խորը փիլիսոփայություն, ինչը խորհելու առիթ է տալիս ինչպես դերասաններին, այնպես էլ հանդիսատեսին։       

Գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Անի Լուպեն, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը։ -0-