Նախօրեին Երևանում կայացել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում նկարահանված «Անմոռուկ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, ջարդի և կոտորածի, ինչպես նաև ողջ աշխարհով մեկ սփռված հազարավոր հայ որբերի մասին։ Նրանցից շատերը նույնիսկ տասնամյակներ անց այդպես էլ չեն իմացել իրենց ազգային ինքնության մասին։ 

«Անմոռուկ» ժապավենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կարելի է կինոնկար ստեղծել՝ նվազագույն գեղարվեստական միջոցներ օգտագործելով, որը հեռուստադիտողի վրա մեծ տպավորություն կգործի։ Ըստ էության, պատմությունը տարվում է տարեց մի կնոջ անունից, ում աչքի առջև 1915 թվականին սպանվել է իր ողջ ընտանիքը, իսկ նրան բռնաբարել է թուրք զինվորը։ Զարմանալի ուժով և համոզվածությամբ են ներկայացված նրա հուզմունքն ու տառապանքը, որոնք չեն կարողացել մեղմել անցնող տասնամյակները…

Ֆիլմի ռեժիսոր և օպերատոր Վազգեն Համբարձումյանը պատմել է «ԱՌԿԱ Style»–ին, որ «Անմոռուկ» ֆիլմը նվիրված է Վանի գավառի Ականց գյուղում ապրած հայ ընտանիքի պատմությանը։ 

«Ֆիլմը կցուցադրվի «Հաղթեցինք միասին» փառատոնում, որը կանցկացվի Սևաստոպոլում մայիսի 10-15–ը։ Մենք ցանկանում ենք տարբեր երկրների մասնակիցներին ներկայացնել մեր ազգային ողբերգությունը։ Մենք ընտրել ենք «Անմոռուկ» անվանումը` կոչ անելով բոլորին հիշել Հայոց ցեղասպանության մասին»,– ասաց Համբարձումյանը։ 

Ըստ նրա` հատկանշական է, որ ժյուրիի կազմում և փառատոնի կազմակերպիչների շրջանում այս տարի կան նաև ադրբեջանցիներ, և նրանք հավանություն են տվել մրցութային ծրագրին այդ ֆիլմի մասնակցությանը։ 

Ֆիլմի սցենարը գրել են Գայանե Մարտիրոսյանը և Գոհար Պետրոսյանը։ Ֆիլմում նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ մարդիկ, ովքեր չունեն մասնագիտական կրթություն։ Գլխավոր դերերում են Գրետա Մեջլումյանը, Հովհաննես Օհանյանը, Սուսաննա Սարգսյանը, Իննա Ստեփանյանը և ուրիշներ։ -0-