ArmStyle

Ուրբաթ Երևանում տեղի է ունեցել «Անավարտ թռիչք» ֆիլմի պրեմիերան, որը նվիրվում է Սոչիի ավիավթարի 113 զոհերի հիշատակին։ 

Ռեժիսոր Ելենա Արշակյանի նկարահանած ֆիլմում ներկայացված են իրադարձություններ, որոնք կապված են «Արմավիա» ավիաընկերության Երևան–Սոչի չվերթը կատարող А-320 ինքնաթիռի ավիավթարի հետ, որը տեղի է ունեցել 2006 թ.–ի մայիսի 3–ի գիշերը Սև ծովի վրա, երբ ինքնաթիռը փորձում էր վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Ինքնաթիռի բոլոր 113 ուղևորները, այդ թվում` անձնակազմի 8 անդամ, զոհվել են։ 

«Այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի և հայերի համար, որոնք շատ լավ գիտեն այս ողբերգության մասին։ Եկեք ստեղծենք որակյալ հայկական ֆիլմեր մեր երկրի համար։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման ֆիլմեր նկարահանելուց 3–5 տարի հետո մենք կարող ենք դուրս գալ եվրոպական շուկա», – ֆիլմի պրեմիերայից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ 

Նրա խոսքերով` ֆիլմը ժամանակակից որակյալ հայկական դրամա նկարահանելու առաջին փորձերից է, և այն հաջողված է որակել։

Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ գլխավոր հերոսուհու իրական պատմությունը գրեթե չի փոխվել սցենարի վրա աշխատանքի ժամանակ։

«Ես շատ գործոնների վրա եմ ուշադրություն դարձրել։ Առաջին հերթին, փորձել եմ չավելացնել էմոցիաները, քանի որ դրանք այս ֆիլմում առավել քան բավարար են։ Պատմությունն ինքնին այնքան հուզիչ է, որ ավելին չի պահանջվել», – ասաց Մխիթարյանը։ 
Նա նաև ավելացրեց, որ ֆիլմը հանդիսատեսի ուշադրությունը գրավում է ճակատագրի անակնկալների և իրադարձությունների անկանխատեսելիության վրա։

«Ֆիլմը պետք է ստիպի մարդկանց ևս մեկ անգամ մտածել այդ ամենի շուրջ, և եթե դուք այսօր ցանկանում եք խոսել ձեր սիրո մասին և գրկել ինչ–որ մեկին, ապա դա պետք է անել հենց այսօր», – կարծում է սցենարի հեղինակը։ 

«Ֆիլմը պետք է ստիպի մարդկանց ևս մեկ անգամ մտածել այդ ամենի շուրջ, և եթե դուք այսօր ցանկանում եք խոսել ձեր սիրո մասին և գրկել ինչ–որ մեկին, ապա դա պետք է անել հենց այսօր», – կարծում է սցենարի հեղինակը։ 

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը հայտարարեց, որ այն պատճառներից մեկը, որ հայկական ֆիլմերը չեն բարձրանում համաշխարհային էկրաններ, դրանց բյուջեների սահմանափակ լինելն է, ինչից մեծ մասամբ կախված է նաև ֆիլմի որակը։ Պրոդյուսերի խոսքերով` ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 300 հազար դոլար։

«Որպես պրոդյուսեր և Հայաստանի քաղաքացի, ով հաճախում է կինոթատրոն և գրքեր է ընթերցում, ես հաջողված եմ համարում ցանկացած մշակութային երևույթ, եթե այնտեղ առկա է հուզմունքը։ Ֆիլմի վերջում ես արցունքներ նկատեցի մեծ թվով հանդիսատեսի աչքերում», – ասաց Ղազարյանը։ 

«Անավարտ թռիչք» ֆիլմի հիմքում իրական փաստեր են։ Սցենարի ստեղծման գործին մասնակցել է մի կին, ով անմիջականորեն կապ ունի Սոչիի ողբերգության հետ, ֆիլմում ներկայացված է ավիավթարում մահացած մարդու նկատմամբ նրա սերը։ Ֆիլմն էկրանավորվել է այդ կնոջ համաձայնությամբ։ «Անավարտ թռիչքը» գեղարվեստական ֆիլմ է, որը պատմում է ոչ միայն սիրո, այլ նաև մարդկային արժեքների, խղճի և հոգեբանական կոնֆլիկտների մասին։

Ֆիլմում նկարահանվել են Սերժ Ավետիքյանը, Լուիզա Ղամբարյանը, Գայանե Ասլամազյանը, Տաթև Հովակիմյանը, Տիգրան Մակարյանը, Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը։ Ֆիլմում հնչում է հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանի «Անավարտ թռիչք» երգը։ 

Երևանում կայացած պրեմիերայից հետո ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիում, Էջմիածնում, Ստեփանակերտում և Մարտակերտում։ «Անավարտ թռիչք» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «ՇԱՐՄ Հոլդինգ» ընկերության աջակցությամբ։ -0-