ArmStyle

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հայտնի հեքիաթի անիմացիոն ինտերպրետացիան գեղեցիկ և որակյալ լիամետրաժ մուլտֆիլմ է, որի պրեմիերան տեղի է ունեցել շաբաթ օրը  Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում։ 

Ֆիլմի, ինչպես նաև համանուն հեքիաթի հիմնական գաղափարն այն է, որ ցանկացած տղամարդ, լինի նա թագավոր, թե հասարակ մահկանացու, պետք է տիրապետի ինչ–որ արվեստի։

Երիտասարդ թագավոր Վաչագանը սիրահարվում է հովվի աղջկան և հանուն սիրելի Անահիտի` սկսում է գորգագործություն սովորել` իր սերն ապացուցելու համար։ Սակայն ողջ մուլտֆիլմի ընթացքում չարագործները փորձում են խանգարել Վաչագանին և Անահիտին…

Մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճից լսվում էին երեխաների խանդավառ բացականչություններն ու ծիծաղի ձայները։ Պրեմիերայից հետո երեխաներն ու նրանց ծնողները շարունակում էին քննարկել մուլտֆիլմի հերոսներին և կիսվել տպավորություններով։

«Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն»-ի նկարահանած «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը հիմնված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի վրա: Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին և իրականացվել են անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Հեքիաթի հերոսներին հնչյունավորել են հայտնի հայ դերասաններ և երգիչներ, այդ թվում` Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Դավիթ Բաբայանը և Ռաֆայել Քոթանջյանը։ 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-