ArmStyle

Գրեթե տասը օր տևած «Գրական տապան-2014» հինգերորդ միջազգային փառատոնն ավարտվեց: Փառատոնի փակման արարողությունն անցկացվեց սեպտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Փառատոնից ու Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին փառատոնի մասնակից  օտարերկրացի գրողները խոսեցին ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

Վստահ եմ՝ իմ լռությունից բառեր դուրս կգան

«ԱՌԿԱ Style» գործակալության հետ զրույցում մակեդոնացի բանաստեղծ Նիկոլա Մադզիրովը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն մեր երկրի մասին լսել է շատ-շատ:  Ծանոթ է հայ գրականության դասականներին, Սայաթ Նովային, դիտել է Փարաջանովի ֆիլմերը, ինչպես նաև Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմը: Լսում է Կոմիտաս, իսկ Տիգրան Մանսուրյանը մակեդանոցի բանաստեղծի սիրելի կոմպոզիտորներից է:

Հայաստան կատարած այցելության արդյունքում բանաստեղծը համակվել է «ստեղծագործ լռությամբ». «Իմ հանդիպումը Հայաստանի հետ կարելի է նմանեցնել պատերազմից խույս տված երկու փախստականների հանդիպմանը, որոնք երկար բաժանումից հետո երբ հանդիպում են, ոչինչ չեն անում, չեն խոսում, միայն իրար գրկում են ու լռում: Ես հիմա այդ լռության մեջ եմ հայտնվել, քանի որ գտել եմ մեկին, որին կորցրել էի: Ես գտա հենց այն Հայաստանը, որը Մանդելշտամն է բնութագրել իր «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքում: Մանդելշտամը, ինչպես նրա կինն է վկայում, Հայաստանում գտավ այդ լռությունը և կարողացավ վերադառնալ պոեզիային ու կրկին գրել: Կարծում  եմ՝ այստեղ իմ մեջ կուտակված ստեղծագործ լռությունը ևս նույն կերպ կարտահայտվի: Հայաստանի արևի լույսից մի բեկոր իմ մեջ պարփակելով՝ ես ևս կսկսեմ գրել: Վստահ եմ՝ այդ լռությունից բառեր դուրս կգան, ու իմ ստեղծագործություններում դուք կտեսնեք Հայաստանը»:  

Ես նաև հայ գրող եմ

Ասուլիսի ընթացքում ֆրանսիացի գրող Սերժ Վենտուրինին խոստովանեց, որ իրեն նաև հայ գրող է համարում. «Ես մեծագույն շնորհակալություն եմ ուզում հայտնել Նարեկացուն, Քուչակին, Սայաթ Նովային, Չարենցին, որովհետև այս գրողների ազդեցությամբ եմ գրում իմ ստեղծագործությունները»:  

Հայաստանն ինձ հետ է կանչում

Չեխ գրող Լադիսլավ Վետվիչկան խոստովանեց, որ սա Հայաստան և Արցախ կատարած իր վեցերորդ այցելությունն է: Այս այցելությամբ նա ավելի խորն ընկալեց Հայաստանն ու Արցախը:

«Միշտ ցանկացել եմ այցելել միստիկ երկրներ, ինչպիսին Հայաստանն է։ Երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան ու Արցախ, չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ զգացողություն ունեցա հատկապես Արցախի ժողովրդի հետ շփվելիս: Այդ զգացողությունն ինձ միշտ հետ է կանչում Հայաստան, ու այս անգամ արդեն իմ 6-րդ այցելությունն եմ կատարում»,- նշեց Լադիսլավ Վետվիչկան: 

Կարծում էի՝ ավարտել եմ Հայաստանի մասին գիրքս, բայց

Մոլդովայից ժամանած Վիկտորիա Չեմբարցևան նշեց, որ արդեն վեցերորդ անգամ է այցելում Հայաստան ու ամեն անգամ նոր կողմերով է բացահայտում մեր երկիրը: «Շատ եմ կարևորում այն, որ փառատոնը հյուրերին ծանոթացնում է ոչ միայն Հայաստանի մշակույթին ու գրականությանը, այլև շարունակում է ստեղծագործական կապեր հաստատել այդ մասնակիցների հետ, որոնք վերածվում են նոր գրական նախագծերի: Մինչ Հայաստան գալս մտածում էի՝ արդեն ավարտին եմ հասցրել այն գիրքը, որ գրում եմ Հայաստանի մասին: Սակայն այս անգամ կատարած այցելությունը ցույց տվեց, որ ամբողջովին դեռ չէի բացահայտել Հայաստանը: Այնպես որ վերջակետը դրված չէ, գիրքս դեռ ավարտված չէ»: 

Արցախցի ուսանողների հետ զրույցս կիսատ է մնացել

Գերմանիայից ժամանած Քրիստին Հոբան խոստովանեց, որ երբեք չի մոռանա Հայաստանը: «Շատ գեղեցիկ ու հաճելի երկիր է: Երբ ավտոբուսով ճամփորդում էինք Հայաստանի տեսարժան վայրերով, այնպիսի զգացողություն ունեի, թե ուր որ է հանդիպելու եմ Նոյին: Մինչև Հայաստան կատարած այցելությունս շատ տեղեկություններ էի լսել Հայաստանի մասին: Այցելության ժամանակ հատկապես տպավորվեցի Ստեփանակերտի համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպմամբ»: 

Դանիացի գրող Քեյթ Ռոյսթերը նշեց, որ իր համար մեծ ու հետաքրքիր փորձառություն էր տարբեր գրողների հետ Հայաստանում կատարած ճամփորդությունը: «Ինձ համար այդ ընթացքում ակնհայտ դարձավ գրական ստեղծագործություններ թարգմանելու անհրաժեշտությունը: Որքան գիտեմ, հայերենից շատ քիչ բան է թարգմանվել դանիերեն»:  Դանիացի գրողը նաև նշեց, որ ցանկանում է պարզել՝ կա՞ն արդյոք հայ երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ, որոնց գործերը դանիերեն թարգմանելու անհրաժեշտություն կլինի:  Քեյթ Ռոյսթերի համար ևս տպավորիչ էր Ստեփանակերտի համալսարանում ուսանողների հետ ունեցած հանդիպումը. «Շատ խելացի ու հավակնոտ էին ուսանողները, կյանքին մարտահրավեր նետող, շատ հետաքրքրված էին այն ամենով ինչ տեղի է ունենում աշխարհում: Ես շարունակելու եմ նրանց հետ հաղորդակցվել, քանի որ չեմ կարծում, թե մեր խոսակցությունը նրանց հետ ավարտված է»:

Տապանի նավարկությունն ավարտվեց   

«Գրական տապան» փառատոնի ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս ընտրվեց տապանի առաջնորդ Նոյը. այս տարի տապանի Նոյն էր Քեյթ Ռոյսթերը: Նա «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը» գրքի հեղինակն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության ու վերապրածների վկայությունների մասին:

Իսկ Իտալացի բանաստեղծ, մշակութային գործիչ Կլաուդիո Պոցցանին և մոլդովացի բանաստեղծ Վիկտորիա Չեմբարցևան մշակույթի նախարարության կողմից արժանացան «Գրիգոր Նարեկացի» շքանշանի՝ «Գրական տապան» միջազգային փառատոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին: Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից: -0- 

Լուսանկարները` Litark/Lusi Sargsyan