ArmStyle

Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր տեղի ունեցավ ռուս-հայ նկարիչ, կինոռեժիսոր և բանաստեղծ Տատյանա Դանիելյանցի ցուցահանդեսի բացումը:

Նախագիծը նվիրված է կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովին, ով այս տարի կդառնար 90 տարեկան:

Մոսկվայում բնակվող  Տատյանա Դանիելյանցը ստեղծել է մուլտիմեդիոն նախագիծ, որը նվիրված է մաեստրոյին և կոչվում է «Վենետիկյան ընծաներ Սերգեյ Փարաջանովին»:

Նախագիծը բաղկացած է կոլաժներից, լուսանկարներից, ինչպես նաև տեսաֆիլմից, որտեղ իրենց հիշողություններն են ներկայացնում Վենետիկի հայերը, ովքեր անձամբ ճանաչել են Փարաջանովին, հանդիպել են նրան Վենետիկում, որտեղ նա մասնակցում էր Վենետիկյան փառատոնին:

Տատյանա Դանիելյանցի կոլաժները  պատրաստված են ավանդական վենետիկյան նյութերից` հայտնի Մուրանո կղզում արտադրված ապակուց, հինավուրց մանածագործական արհեստանոցներում պատրաստված գործվածքներից:

Հեղինակի խոսքով` ինքը մեծ կապ է տեսնում Վենետիկի և Փարաջանովի միջև, հատկապես, որ Փարաջանովն ինքն էլ հաճախ շեշտել է իր հարցազրույցներում, որ  Վենետիկը գեղագիտական տեսակետից չափազանց մոտ է իրեն: Բացի այդ, մաեստրոն ինքն էլ հաճախ էր օգտագործում վենետիկյան շունչ ունեցող նյութեր`հայելիներ, ժանյակներ, ուլունքներ, դիմակներ, փետուրներ։ 

Ցուցահանդեսը թանգարանում ներկայացված կլինի 2 շաբաթ, իսկ սեպտեմբերի 26-ին տեղի կունենա հանդիսավոր փակումը: -0-