ArmStyle

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացած «Մեկ արքայի թատրոն» պիեսով Երևանում երկուշաբթի մեկնարկել է «Արտ Ֆեստ» հանրապետական երրորդ բաց փառատոնը։

«Ներկայացված են մի քանի ոլորտների աշխատանքներ`թատերարվեստ, կինոյի արվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, գեղանկարչություն, լուսանկար և քանդակ։ Այս տարի կան նաև նոր ոլորտներ` վոկալ արվեստ, դիզայն և դեկորացիաներ»,– լրագրողներին ասաց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը։ 

Ըստ նրա՝ այս տարի առավել ակտիվ են Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիսի մարզերի ստեղծագործական գործիչները։ 

«Առաջին տարի փառատոնին մասնակցել է 130 մարդ, մեկ տարի անց` 200, իսկ այս տարի ունենք 350 մասնակիցներ Հայաստանից և մարզերից»,– ավելացրեց Բարսեղյանը։ 

Փառատոնի բացմանը ելույթ ունեցավ նաև «Տորդա» վրացական ժողովրդական անսամբլը` կատարելով երկու ազգային երգ, որոնք հանդիսատեսը շատ լավ ընդունեց։ Անսամբլի ղեկավարն անձամբ վրացական գինի նվիրեց Էրիկ Բարսեղյանին։

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն իր հերթին ավելացրեց, որ հանդիսատեսի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ տարեցտարի աճում է։ 

«Մենք ցանկանում ենք, որ երաժիշտները, նկարիչները, դերասանները հանդիպեն միմյանց որպես մեկ ամբողջական մշակութային սերունդ` սեփական կենսագրությունը սկսելու համար»,– նշեց Մուրադյանը։

Փառատոնը մրցութային բնույթ է կրում։ Դրան մասնակում են 16-35 տարեկան առանձին կատարողներ և ստեղծագործական խմբեր։ 

Հաղթողներին որոշում է պրոֆեսիոնալ հանձնաժողովը։  

Փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ։ «ԱՌԿԱ Style»–ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-