ArmStyle

Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային երկրորդ փառատոնը, որը կազմակերպիչներն ու հյուրերը որոշել են անվանել Բարության փառատոն, մեկնարկեց Երևանում շաբաթ երեկոյան։ Ցավոք, կյանքը լի է ամենաանսպասելի և անհավանական անակնկալներով, և ոչ միշտ հաճելի։ Հանկարծակի սկսված տեղատարափ անձրևի պատճառով բացման հանդիսավոր արարողությունն ընդհատվեց ամենահետաքրքիր տեղում…  

Հայ երիտասարդներն ընդդեմ վատ եղանակի 

Եվ ի՞նչ պատահեց հետո. հենց սկսվեց անձրևը և Երևանի Կարապի լճի տարածքը, որի հարևանությամբ ընթանում էր էլեկտրաէներգիայի դեմ բողոքող երիտասարդների ցույցը, ձայնային տեխնիկայի խափանման հետևանքով, ընկղմվեց լռության մեջ, պարային խմբի երիտասարդ մասնակիցները՝ հայտնի երգիչ Արսեն Գրիգորյանի հետ միասին, սկսեցին հանպատրաստից համերգը` ձայնակցելով իրենք իրենց` դհոլի ուղեկցությամբ։ Իսկապես, երիտասարդները միշտ ճանապարհ են հարթում իրենց համար, և նրանց առջև անգամ ամենավատ եղանակն է նահանջում։

Բայց ամեն ինչի մասին հերթով… 

«Երուսաղեմը սոսկ քաղաք չէ»

Երևանում առաջին անգամ փառատոնի շրջանակներում ներկայացված է լուսանկարչական ցուցահանդես, որին մասնակցում է «Ֆրեսկո»–ի հյուրը Իսրայելից` լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը։ 

«Ես փառատոն եմ բերել մի ամբողջության երկու մասերը։ Փառատոնի շրջանակում ներկայացված են իմ «Երուսաղեմը սոսկ քաղաք չէ» ցուցահանդեսի աշխատանքները։ Այդ ցուցահանդեսը ես երկար տարիներ եմ ստեղծել, և այժմ այն ճանապարհորդում է քաղաքներով և գյուղերով։ Այս ցուցահանդեսի նպատակը մեծ Երուսաղեմը մարդկանց միջոցով ցույց տալն է», – ասել է Բրիկմանը։

Ցուցահանդեսի երկրորդ մասը, որը Բրիկմանը կհանձնի հայ հանդիսատեսի դատին, լուսանկարիչն անվանել է Աստվածաշնչյան «Ժողովողի գրքի» «ֆոտոթարգամնություն»։ ««Ֆոտոթարգամնություն» բառը ես ինքս եմ հորինել։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես ես «հիվանդացա» այս գրքով և սկսեցի այն ընթերցել ու վերընթերցել։ Ես համարում եմ այն Աստվածաշնչի ամենակարևոր գիրքը և ընդհանրապես մարդկության պատմության մեջ ստեղծված կարևորագույն գրքերից մեկը։ Այս գրքում կա ամեն ինչ, այդ թվում` չափազանց շատ կերպարներ»,- կարծում է վարպետը։ 

Բրիկմանը պատմել է, թե ինչպես է գրքից ոգեշնչված` փորձել այն ներկայացնել լուսանկարների տեսքով։ Եվ ինչ–որ պահի նա հասկացել է, որ իրեն հաջողվել է հազարամյակներ անց լուսանկարել «Ժողովողի գրքում» նկարագրված կերպարները։ 

«Այս գրքի ուժն այն է, որ ոչինչ չի փոխվել մեր աշխարհում։ Փոխվել են  սանրվածքները, տեխնոլոգիաները, բայց մնացածը նույնն է… Այս ֆոտոթարգմանության մեջ ես փորձել եմ լուսանկարների լեզվով պատմել Ժողովողի տեքստը։ Տեքստը ռուսերեն է, սակայն հատուկ Հայաստան իմ այցի համար հայերեն ենթագրերն եմ պատրաստել», – ասաց Բրիկմանը։

Խորհրդանշական է, որ որպես իր ֆոտոթարգմանության միակ երաժշտական լեզու` Բրիկմանն ընտրել է դուդուկը։

«Ինձ համար մեծ երջանկություն է Հայաստանում լինել առաջին անգամ։ Ես շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, և ամեն օր ավելի եմ զարմանում` ինչպես կարող են այսքան լավ մարդիկ միաժամանակ գտնվել մեկ վայրում։ Եվ այս ամենը կոչվում է Հայաստան…», – խոստովանել է Բրիկմանը։

Փառատոնի շրջանակներում  ցուցադրված են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողություններն ու մշակույթը ներկայացնող լուսանկարները. միջոցառումն անցկացվում է Մայր Աթոռի աջակցությամբ։
 
«Ֆրեսկո» փառատոնի համբավը տարածվել է ողջ աշխարհում

Փառատոնի ծրագրերի պատասխանատու Աննա Կարապետյանը ուրախությամբ նշեց, որ չնայած այն բանին, որ փառատոնն անցկացվում է երկրորդ տարին, մի շարք երկրներ իրենք են ցանկություն հայտնել և առաջարկել` ներառել իրենց նկարահանած ֆիլմերը «Ֆրեսկո»–ի ծրագրում։

«Մենք ստացել ենք ավելի քան 600 հայտ 53 երկրից, որոնցից ընտրվել է 54 ֆիլմ։ Երևան են ժամանել ռեժիսորներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր և քննարկումներ։ Փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հյուրերին անակնկալներ են սպասում», – ասել է Կարապետյանը։

«Ֆրեսկո» փառատոնը կոչված է օգնել մարդկանց` Աստծո որոնումներում 

«Ֆրեսկո» փառատոնի նպատակը հոգևոր արժեքների միջոցով  հասարակությանն այն գլխավոր ուղերձը փոխանցելն է, որ մարդու համար առաջնային տեղում իր հոգևոր, այլ ոչ թե մարմնավոր կյանքն է, համոզված է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։  

«Փառատոնը նաև կոչված է աջակցելու մարդկանց միջև երկխոսությանը, օգնել նրանց Աստծո որոնումներում։ Կարևոր է, որ փառատոնը դարձել է միջազգային, և աշխարհի տարբեր երկրներից արվեստի գործիչները Հայաստան են ուղարկել իրենց աշխատանքները», – կարծում է Գալստանյանը։

Փառատոնը նաև, նրա կարծիքով, միջկառավարական, միջդավանաբանական և միջմշակութային երկխոսության հնարավորություններ է տալիս, թույլ է տալիս հասկանալ` ինչպիսի արժեքներով են առաջնորդվում այսօր մարդիկ տարբեր երկրներում, քանի որ հիմա մարդկանց մեկուսացման դար է, և այս փառատոնը կոչված է մարդկանց համախմբելու։ 

Այն հարցին, թե որքանով է նպատակահարմար Հայաստանում տիրող այս լարված իրավիճակում անցկացնել նմանատիպ մշակութային միջոցառումներ, եկեղեցու ներկայացուցիչներն ասել են, որ այսպիսի փառատոների անցկացումը շատ կարևոր է ցանկացած ժամանակ, բացառությամբ մեծ աղետների ժամանակաշրջանը։ 

«Ժամանակակից կյանքում մենք ականատես ենք եղել բարու և չարի, հույսի և հիասթափության բախումներին։ Մենք պետք է կարողանանք ամեն կերպ մարդկանց հույս ներշնչել, ստեղծել սիրո մթնոլորտ, փառաբանել դրականը», – ասել Գալստանյանը։ 

Ավազե ինստալյացիա. կախարդական փոփոխություններ 

Հավաքվածների համար զարմանալի անակնկալ էր ավազե ինստալյացիան, որը ներկայացրել էր ավազե անիմացիայի նկարիչ Դարիա Կոտյուխը։ Աղջկա ձեռքի թեթև հպումով ավազն ամենատարբեր կերպարներ էր ստեղծում։ Հանդիսատեսի առջև հայտնվում էին մարդկանց դեմքեր, զարմանահրաշ թռչուններ և ծառեր, Սիսն ու Մասիսը, հայերի` մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունը խորհրդանշող նկարներ, և, վերջապես, որպես ապոթեոզ` հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի դեմքը։ Զգացմունքները լիարժեք հաղորդելու համար ինստալյացիան ուղեկցվում էր Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումով։ 

«Մեր ծրագիրը շատ մեծ է և լուրջ։ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք պատրաստել ենք պատմություն Կոմիտասի մասին, նրա կյանքի պատմությունն այդ ողբերգական իրադարձությունների ֆոնին», – ասել է Կոտյուխը։ 

«Ֆրեսկո» առաջին փառատոնը, որն անցկացվել է Հայաստանում 2014 թվականի հունիսի 21-ից հուլիսի 6-ը, բավականին հաջողված էր։ Փառատոնն անցկացվում էր բարձր մարդասիրական արժեքները տարածելու և պահպանելու նպատակով։ Ֆիլմերի ցուցադրություններն ուղեկցվում էին քննարկումներով, որոնք հասարակության շրջանում մեծ արձագանք էին ստանում։ Քննարկումներին մասնակցում էին նաև փառատոնի անվանի հյուրերը։ 

«ԱՌԿԱ- Style»-ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է:

Լուսանկարները կարելի է տեսնել այստեղ։ -0-