ArmStyle

«Ոչ թե երգահանն է գտնում բանաստեղծությունները, այլ բանաստեղծություններն են գտնում երգահանին»,- խոստովանեց երգահան Վահան Արծրունին Գաֆեսճէան արվեստի կենտրոնում կազմակերպված երեկոյի ժամանակ։

Փետրվարի 20-ին բեմում հանդիպեցին մի շարք սիրված երգերի երաժշտության և երգի հեղինակները՝ երգահան Վահան Արծրունին և բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա Արծրունին 16 երգ է գրել:

«Վահանը, պոեզիան ընկալելու իմաստով ինձ համար մեծագույն հայտնություն է: Նա իմ հոգին տեղափոխել է իր երաժշտության մեջ: Չեմ կարող հիշել իմ և Վահան Արծրունու համագործակցության սկիզբը, քանի որ Արծրունին համագործակցել սկսել է ոչ թե իմ, այլ իմ բանաստեղծությունների հետ: Դեռ 30 տարի առաջ նա իմ տողերի հիման վրա երգեր է գրել,  այդ մասին ես իմացել եմ միայն վերջերս՝ մի քանի տարի առաջ: Ես բացառիկ ուրախություն եմ ապրում, որ այն ինչ պատկերացրել եմ իմ  բանաստեղծություններում, նա իր կողմից ավելի մեծ զորություն տալով, բարձրացրել է այսքան բարձր մակարդակի»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: 

«Իմ առնչությունը Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հետ եղավ գրեթե 30 տարի առաջ: Ես պարզապես հետաքրքրված էի ժամանակակից գրականությամբ: Կարդացի Դավոյանի բանաստեղծությունները: Նրա տողերի հիման վրա առաջինը ծնվեց «Տխուր երգը»»,- իր հերթին հայտնեց Արծրունին:

Հենց այս երգով էլ Գաֆեսճէան արվեստի կենտրոնի բեմում սկսվեց Ռազմիկ Դավոյան — Վահան Արծրունի հանդիպումը: Արծրունու կատարումներն ընդհատվում էին Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների ընթերցմամբ: 

«Վերջին անգամ իմ բանաստեղծությունները բեմում ընթերցել եմ հինգ տարի առաջ՝ իմ 70-ամյակին»,- խոստովանեց Ռազմիկ Դավոյանը: Նա ընթերցեց նաև մինչ այժմ չեն տպագրված բանաստեղծություններ, նաև հատված իր վերականգնած, բայց դեռ չհրատարակած «Ծովինար» էպոսից:

«ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում Վահան Արծրունին նշեց, որ պետք է որոշակի տարածություն գոյություն ունենա երաժշտի և պոետի միջև: «Բանաստեղծը երևույթ է: Չի կարելի հենվել բանաստեղծության վրա ու հիմք ընդունելով դա՝ մոտենալ պոետին: Նա պետք է հասունանա այդ պահի համար: Իմ պարագայում այդ հասունացումը երկար տարիներ տևեց: Մի բան է գրել շարք, լրիվ այլ բան է ընդունելի լինել բանաստեղծի կողմից: Ի վերջո, առավել ճշգրիտ գնահատականը պետք է տա ոչ թե հանդիսականը, այլ նա՝ բանաստեղծը: Երեսուն տարի անց  վերջապես հասունացավ բանաստեղծության, երաժշտության ու արվեստասեր հանրության միջև հանդիպում կազմակերպելու պահը»: 

Թե բանաստեղծը, թե երաժիշտը նշեցին, որ առաջին համատեղ համերգն իրենց համար փորձաքար էր: «Հասկացանք, որ նման երեկո կազմակերպելու մեծ պահանջ կա: Համերգն ավարտվեց, բայց սա մեծ ծրագրի սկիզբ է: Հաջորդ համերգները կլինեն ավելի մեծ դահլիճներում»,- խոստովանեցին նրանք: -0-