ArmStyle

Forpostart Production գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, թե աշնանը ինչ մշակութային իրադարձություններ են կազմակերպվելու Հայաստանի արվեստասեր հասարակության համար, նա նաև հիասթափությամբ է խոսել այն մարդկանց վարմունքի մասին, ովքեր ցանկացել են վերադարձնել Իրինա Ալեգրովայի համերգի տոմսերը։

– Երևանցիները ո՞ր աստղերի այցին են սպասելու աշնանը

Մխեյան – Հոկտեմբերին Երևանում կկազմակերպվի ռուսական էստրադայի աստղ Վալերի Լեոնտևի համերգը, իսկ նոյեմբերին` Գրիգորի Լեպսի համերգը։ Լեոնտևի համերգին նաև բալետային խումբ ելույթ կունենա, և երևանցի հանդիսատեսը հրաշալի շոու դիտելու հնարավորություն կունենա։ Իսկ Լեպսը հանդես կգա մենահամերգով։ Ուզում եմ նշել, որ Լեպսը վեջին անգամ Երևանում բավականին շուտ է ելույթ ունեցել, երբ հայ հանդիսատեսը դեռ այնքան էլ լավ չէր ճանաչում նրան։ 

– Երբ ռուսական էստրադայի կայսրուհու` Իրինա Ալեգրովայի համերգը երկու անգամ տեղափոխվեց, Forpostart Production–ի հասցեին բազմաթիվ դժգոհություններ հնչեցին։ Իրավիճակը չշտկվեց, երբ «Օդնոկլասսնիկի» շոուն տեղափոխվեց հաջորդ տարի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Մխեյան – Ցավում եմ, որ երբ Իրինա Ալեգրովայի համերգի օրը տեղափոխվեց և ցանկացողներին առաջարկվեց վերադարձնել տոմսերը, համացանցում կոպիտ արտահայտություններ հրապարակվեցին մեր ընկերության հասցեին։ Անգամ ցույց կազմակերպելու սպառնալիքներ հնչեցին։ Ինձ անչափ հիասթափեցրեց մարդկանց  վարքը։

Մենք արդեն ավելի քան 20 տարի է` աշխատում ենք հայկական շուկայում բավականին բարդ պայմաններում, եթե հաշվի առնենք Հայաստանի տնտեսական ու սոցիալական վիճակը։ Մենք երբեք համերգները չեղյալ չենք հայտարարել, նույնիսկ վնասով ենք աշխատել։

Ինչ վերաբերում է Իրինա Ալերգովայի համերգին և Իլյա Ավերբուխի շոուին, ապա այս դեպքում ֆորս–մաժորային իրավիճակներ ի հայտ եկան։ Կա օրենսդրական դաշտ։ Ով չի ցանկանում գալ համերգին, կարող է դատարան դիմել։ Տոմսերի գումարների մի մասն արդեն վերադարձվել է, սակայն ես դադարեցրի գործընթացը։ Մեր բոլոր համերգներն ապահովագրված են, քանի դեռ համերգը չի կայացել, անհնար է անկախ փորձաքննություն անցկացնել։

Իրինա Ալեգրովայի` մայիսի 25-ին նախատեսված համերգի վերաբերյալ տեղեկություն կհրապարակվի մեր պաշտոնական կայքում։

– Մտավախություն չունե՞ք, որ Forpostart Production–ի դեմ դատական հայտեր կներկայացվեն։

Մխեյան – Խնդրեմ, թող դիմեն։ Թող դատարանը որոշի։ Մեր ընկերությունը միշտ օրենքով է աշխատում, ես մուծում եմ հարկերը, ոչնչից չեմ վախենում։ Ցավում եմ, որ Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման վերաբերյալ օրենք չկա։ Սակայն Forpostart Production–ը ռուսական ընկերություն է, իսկ ես` Ռուսաստանի քաղաքացի։ Եթե այդ վերաբերմունքը շարունակվի, ես հակընդդեմ հայց կներկայացնեմ բարոյական վնասի դիմաց, որը մի քանի միլիոն կկազմի։

Առիթից օգտվելով` ասեմ, որ ևս մեկ անգամ համառորեն կոչ եմ անում բոլոր ցանկացողներին վերադարձնել Ալեգրովայի համերգի տոմսերը, չդիմել ու չվիրավորել դրամարկղերի աշխատակիցներին, ովքեր տոմսերը հետ վերցնելու լիազորություններ չունեն։ -0-