ArmStyle

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 5–ին Լոռու մարզում:

Գունեղ փառատոնը կսկսվի Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն մեծանուն հայ գրող և հեքիաթասաց Հովհաննես Թումանյանի հուշարձանին։ Նույն օրը Վանաձորի Հայք հրապարակից կմեկնարկի շքերթ դեպի Ազնավուրի անվան մշակույթի պալատ, որտեղ տեղի կունենա առաջին տիկնիկային ներկայացումը։

Փառատոնին կմասնակցեն մոտ 80 հայ թատերական գործիչներ, ինչպես նաև Արցախի, Վրաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Թուրքմենստանի և Բուլղարիայի տիկնիկային թատրոնները։

«Արդեն տասը տարի մենք Լոռու մարզում կազմակերպում ենք «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը։ Այս տարի մենք նաև շարունակում ենք «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային քայլերթը, որը կանցկացվի նաև Վանաձորում», – լրագրողներին տեղեկացրեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA-International) հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը։ 

Նրա խոսքով` միջոցառման շրջանակում կկազմակերպվեն նաև սեմինարներ «Տիկնիկները` հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն, երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների և ահաբեկչության հետևանքով առաջացած սթրեսային իրավիճակների հաղթահարման գործընթացում» թեմաներով։ 

Հոբելյանական 10–րդ փառատոնը նվիրված է ՅՈւՆԵՍԿՕ–ի հիմնադրման 70–ամյակին, այն «Տիկնիկները` հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային ակցիայի շարունակությունն է։

Փառատոնն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փառատոնի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Լոռու մարզպետարանի աջակցությամբ։ -0-