ArmStyle

Արտո Չաքմաքչյանն աշխարհահռչակ գանդակագործ և նկարիչ է, ում աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Կանադայի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայի անդամ։ 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվում է «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» առաջին անհատական հետահայաց ցուցահանդեսը։ Այդ կապակցությամբ Վարպետը համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style»–ի մի քանի հարցերի։ 

– Ձեր ցուցահանդեսն անցկացվում է «Արտո Չաքմաքչյան` վերածնունդ» խորագրով։ Ի՞նչ իմաստ եք դնում այդ անվան մեջ։ 

Չաքմաքչյան – Ես նկատեցի, որ Հայրենիքում կա առաջընթաց, ես զգացի, որ Հայաստանում աշխուժացում կա։ Դա ինձ շատ է ուրախացնում, հեռանկարներ եմ տեսնում։ Ամեն ինչ կատարելագործվում է։ Շատ շուտով մենք կտեսնենք դրա արդյունքները։ 

– Կարո՞ղ ենք ասել, թե Հայաստանը վերածնվում է։

Չաքմաքչյան – Այո, ընդ որում` դա պատահականություն չէ, այլ միանգամայն գիտակցված գործընթաց։

– Հարցազրույցներից մեկում Դուք ասել եք, որ ամեն ազգայինը, նախևառաջ, մարդկությանն է։ Եվ այնուամենայնիվ, ձեր ստեղծագործությունը բացառիկ է, անհամեմատելի է մյուս վարպետների ստեղծածի հետ։ Ինքներդ ձեզ համարում եք ազգայի՞ն, թե՞ համամարդկային մշակույթի ներկայացուցիչ։

Չաքմաքչյան – Երբ քո մեջ հայտնվում է համամարդկայինը, ազգայինն անհետանում է։ Այն, ինչ ես ստեղծում եմ, համամարդկային է, որովհետև ես բարձրացրել եմ թեմաներ, որոնք մոտ են տարբեր ժողովուրդների` սկսած ֆրանսիացիներից և ավարտած ճապոնացիներով։ 

– Դուք հայտնել եք Ձեր աշխատանքների մի մասը Հայաստանին նվիրելու ցանկության մասին։ Ցուցահանդեսը, որի մասին Դուք վաղուց երազել եք, վկայում է, արդյո՞ք, որ Ձեր ցանկությունը մոտ է իրականացմանը։ 

Չաքմաքչյան – Ես Հայաստանին կնվիրեմ իմ բոլոր քանդակները։

– Դուք մեջբերում եք Բոդլերին, ասելով, որ լավ դիմանկարը բնորդի` դրամատիկ կերպով արտահայտված ճակատագիրն է։ Ձեր աշխատանքներում Դուք փորձում եք ընդգծել հենց այդ դրաման։ Ձեզ չի՞ թվում, արդյոք, որ ժամանակակից մարդու կյանքն առանց այն էլ չափազանց դրամատիկ է և դրական ազդակների կարիք ունի։ 

Չաքմաքչյան – Դա կախված է հոգեկան տրամադրությունից, երկրից։

– Դուք առաջարկել եք Հայաստանին նվիրել «Քայլող մարդը» քանդակը, որ այն զարդարի Հյուսիսային պողոտան։ Ինչպե՞ս է դասավորվել այդ աշխատանքի ճակատագիրը։

Չաքմաքչյան – Այդ հարցը մինչ օրս լուծված չէ։ Ես ստեղծել եմ այդ քանդակը հայ ժողովրդին նվիրելու համար, բայց դա անտեսեցին։

Ցուցադրության լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-