Ապրիլի 1-ն աշխարհի շատ երկրներում նշվում է որպես երգիծանքի կամ ծիծաղի օր։ Հայտնի չէ, թե երբ, որտեղ և ով է հորինել այս տոնը, սակայն դա արդեն ամենևին էլ կարևոր չէ։ Ժամանակագրական ու պատմական ակնարկներ փնտրելու փոխարեն ավելի լավ է այս օրը անեկդոտներ, զվարճալի պատմություններ հիշենք ու կատակենք հարազատների հետ։

«ԱՌԿԱ Style»–ը կատակելու մի քանի պատրաստի սցենար է առաջարկում։

Կատակում ենք հեռախոսով

Հարկավոր է զանգել գրասենյակի նոր աշխատակցին, ասել, որ զանգում են հեռախոսակայանից, նախազգուշացնել, որ մալուխները մաքրելու համար հեռախոսագծով տաք գոլորշի են արձակելու և հարկավոր է շատ արագ գրասենյակի բոլոր հեռախոսափողերը փաթաթել պոլիէթիլենային տոպրակներով կամ թղթով (կամ դնել գետնին)։ Եթե նոր աշխատակիցը մի քիչ միամիտ է և սովորաբար վստահում է մարդկանց, ապա գրասենյակի մյուս աշխատակիցներին մնում է միայն հետևել, թե ինչպես է նա տենդորեն այս ու այն կողմ վազելու գրասենյակում։

Կե՞ղծ է, թե ոչ

«Զոհին» հարկավոր է ցույց տալ որևէ թղթադրամ և նույնքան գումարի շուրջ գրազ գալ, որ նա չի կարող որոշել` թղթադրամը կեղծ է, թե ոչ։ Ընդ որում` թղթադրամը պետք է իսկական լինի։ Ընտրությունը ձերն է` կարող եք հարստանալ կամ ծիծաղել ձեր ընկերոջ հետ։

Հոգեմաշ զրույց` առողջ կենսակերպի մասին

Վերցնել օղու շիշը, մեջը ջուր լցնել։ Այնուհետև մոտենալ ձեր գրասենյակի ամենալուրջ աշխատակցին և նրա հետ խոսակցություն սկսել առողջ կենսակերպի ու ոգելից խմիչքի վնասակարության մասին։ Միաժամանակ պայուսակից հանել շիշն ու հենց շշից կում անել։ Գործընկների մոլորված հայացքներն ապահովված են։ Վերջում կարելի է առաջարկել, որ բոլորը տեսնեն, թե ինչ համ ունի շշի պարունակությունը։

Թելն այդքան չի երկարում…

Թելի կծիկը թաքցրեք հագուստի տակ, իսկ ծայրը դուրս բերեք և քորոցով ամրացրեք հագուստին։ Մոտեցեք որևէ մեկին և խնդրեք կտրել ձեզ «խանգարող» թելը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ դեմք կունենա այն մարդը, որը կփորձի պոկել թելը հագուստից, իսկ թելի ծայրը ոչ մի կերպ չի երևա։

Կատվի խաղը մկան մահն է

Համակարգչային մկնիկի օգնությամբ կատակելու համար կարելի է իրար կողք դրված համակարգիչների մկնիկների տեղերը փոխել ու հետևել, թե ինչպես են դրանցով աշխատելու փորձեր անելու։

Իսկ վերջում հիշեցնում ենք բարոն Մյունհաուզենի հայտնի խոսքը. «Ես հասկացա` որն է ձեր դժբախտությունը։ Դուք չափազանց լուրջ եք։ Դեմքի խելացի արտահայտությունը դեռ խելքի նշան չէ, պարոնա՛յք։ Երկրագնդի վրա բոլոր հիմարություններն իրագործվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ։ Ժպտացե՛ք, պարոնայք, ժպտացե՛ք»։ -0-