ArmStyle

Հինգշաբթի Երևանում` Հյուսիսային պողոտայից ոչ հեռու, բացվել է ժամանակակից նկարչուհի Արև Պետրոսյանի «Arev Art Gallery» անհատական ցուցահանդեսը։ 

Արև Պետրոսյանի նկարները ցուցադրված են աշխարհի լավագույն  ցուցասրահներում, արժանացել են բարձր գնահատականի և գովեստի խոսքերի բազմաթիվ պրոֆեսիոնալների և քննադատների կողմից։ Գործընկերներն ու արվեստասերները նրան անվանում են «արև»։ Պետրոսյանի գեղանկարները ստեղծված են ինքնատիպ տեխնիկայով, նա նկարում է ոսկով և արծաթով` օրգանական ապակու վրա։ 

Սակայն Arev Art Gallery–ում ցուցադրվելու են ոչ միայն Արև Պետրոսյանի աշխատանքները։ «Այստեղ կանցկացվեն հետաքրքիր միջոցառումներ, պոեզիայի երեկոներ, անհատական թեմատիկ ցուցահանդեսներ։ Պատկերասրահը մշտապես փոխելու է տեսքն ու տրամադրությունը… Մենք անդրադառնալու ենք այն թեմաներին, որոնք կարևոր են քաղաքացիների համար։ Այսօր պետք է բոլորին ասենք, որ չենք կարող անտարբեր մնալ որևէ խնդրի նկատմամբ, պետք է արձագանքենք այդ խնդիրներին, պետք է պատասխանատու լինենք այն ամենի համար, ինչ այսօր տեղի է ունենում քաղաքում», – լրագրողներին ասել է նկարչուհին։

Արևի աշխատանքներից բացի, պատկերասրահում մշտապես կցուցադրվեն նրա հոր` Բենիկ Պետրոսյանի աշխատանքները, ով հայտնի է, առաջին հերթին, որպես քանդակագործության փոքր տեսակի հիմնադիր և վարպետ, ինչպես նաև Արևի եղբոր` ժամանակակից քանդակագործ Արեգ Պետրոսյանի ստեղծագործությունները։

«Ուզում ենք ջերմություն բերել քաղաք, որպեսզի լինի այնպիսի գողտրիկ անկյուն, որտեղ տիրում է արվեստը։ Քաղաքում բավականին շատ այլ միջոցառումներ կան, զվարճանքի կենտրոններ, շատ համեղ կերակուր կա, սակայն մենք ուզում ենք, որպեսզի ավելի շատ  արվեստի կենտրոններ լինեն, քանի որ դա շատ կարևոր է», – ընդգծել է նկարչուհին։

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պատկերասրահը հատուկ ցուցահանդես կկազմակերպի`  նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, որտեղ կներկայացվեն Բենիկ Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքները, որոնք ավելի վաղ ոչ մի տեղ չեն ցուցադրվել։ Ինչպես նշել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, վաղուց էր եկել ժամանակը Երևանում նման փոքր պատկերասրահներ ստեղծելու համար։ 

«Մենք սովորել ենք մեծ, մասշտաբային ցուցահանդեսային սրահներին, սակայն փոքր պատկերասրահները վաղուց ընդունված պրակտիկա է Եվրոպայում, յուրաքանչյուր հայտնի արվեստի գործիչ ունի իր անհատական պատկերասրահը։ Նման պատկերասրահների բացումը կակտիվացնի քաղաքի մշակութային կյանքը», – ընդգծել է նա։ 

Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, քաղաքի մշակութային ոլորտի ներկայացուցիչները, արվեստասերներ, նկարչուհու երկրպագուները։ 

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-