ArmStyle

1937 թ.–ի նոյեմբերի 27–ին Երևանի բանտի հիվանդանոցում մահացել է գրական հանճար, հայ մեծանուն բանաստեղծ և գրող Եղիշե Չարենցը։ Այդ օրը մեծանուն բանաստեղծի երկրպագուներն ավանդաբար գլուխ են խոնարհում նրա հիշատակի առջև` հավաքվելով Երևանում գտնվող Չարենցի հուշարձանի մոտ։ 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը լրագրողներին ասաց, որ մինչև հիմա Չարենցը «մինչև վերջ չուսումնասիրված գիրք է մնում»։

«Չարենցի մասին կարելի է շատ խոսել, այնուամենայնիվ, անհնար է ամեն ինչ ասել։ Նրա կյանքի շատ դրվագներ այժմ ևս հայտնի չեն լայն զանգվածներին, իսկ ստեղծագործությունները հրապարակված չեն», – ասաց Գասպարյանը։

Նա պատմեց, որ 2012 թ.–ին լույս տեսավ «Գիրք մնացորդաց» ժողովածուն, որը ներառում է բանաստեղծի տարբեր չհրատարակված ստեղծագործություններ և նամակներ, ինչպես նաև կենսագրական փաստեր։

«Ցավոք, այս գրքի տպաքանակը, որը հրատարակվել է պետպատվերի շրջանակում և որի ստեղծման համար մենք ջանասիրաբար աշխատել ենք, արգելքի տակ է գտնվում, քանի որ Չարենցի դուստրը` Անահիտն անհիմն կերպով որոշել է, որ գրքում ներկայացված են փաստեր, որոնք ստվեր են գցում բանաստեղծի կերպարի վրա», – ասաց Գասպարյանը։
Նա նաև նշեց, որ հրատարակությունում ներառված են Չարենցի` էրոտիկ բնույթի ստեղծագործությունները։

«Այո, դա այդպես է, և չարժե վախենալ դրանից, քանի որ այդ ստեղծագործությունները մաքուր են և անկեղծ։ Բացի այդ, Չարենցն իր նամակներում նշել է, որ այդ ստեղծագործությունները պետք է պահպանվեն», – ավելացրեց նա։

Գասպարյանը տեղեկացրեց, որ չնայած բանաստեղծի դստեր արգելքին` գիրքը որոշ գրադարաններում և հաստատություններում հասանելի է։ Այն հասանելի է նաև Չարենցի տուն–թանգարանում։ 

«Դա ամբողջովին օրինական է, քանի որ գրքի հրատարակումն արգելել է ոչ թե պետությունը, այլ մասնավոր անձը, ընդ որում` միանգամայն անհիմն», – պարզաբանեց նա։

Գասպարյանը նշեց, որ հույս ունի ապագայում վերահրատարակել այդ գիրքը սեփական միջոցներով։ 

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասական է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25) Կարսում։ 1914 թ.-ին Կարսում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից Աստղիկ Ղոնդախչյանին: 1919 թ.-ին Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը, որը ամենավառ իրադարձություններից է դառնում ոչ միայն Չարենցի ստեղծագործական կյանքում, այլև ողջ հայկական պոեզիայում։

30-ականների կեսերին ԽՍՀՄ-ում սկսվում են ստալինյան ռեպրեսիաները։ 1936 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաև Չարենցի մասին: Նա մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ: Միաժամանակ գրադարաններից և գրախանութներից անհետանում են Չարենցի գրքերը, դադարեցվում են արդեն պատրաստի գրքերի հրատարակությունները։

Եղիշե Չարենցը 1937 թ.-ի նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում։ 50-ական թթ.-ին Եղիշե Չարենցը հետմահու արդարացվում է։ 1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։ -0-