ArmStyle

Բրիտանական շունչ, ազգային երաժշտություն և ուտեստներ. հունիսի 16-ին «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա սրահը վերածվել էր «փոքրիկ» Մեծ Բրիտանիայի։ 

Ամեն տարի հունիսին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշում է Միացյալ թագավորության միապետի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան պաշտոնական օրը։ Այս տարի լրացավ Անգլիայի թագուհու 89 ամյակը։ 

Թագուհու իրական ծննդյան օրն ապրիլի 21-ին է, սակայն ըստ անգլիական ավանդույթի՝  նրա ծննդյան օրը նշվում է նաև հունիսին, քանի որ այս ամսին եղանակային պայմաններն առավել բարենպաստ են լինում բացօթյա հանդիսությունների համար:  

Երևանում միջոցառմանը ներկա էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնակցում էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն, ընդունելով հյուրերին, նշեց որ, այս տարի Բրիտանիայում նշվում է Ազատությունների մեծ խարտիայի 800-ամյակը, որը դարձել է` Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը։ 

Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ Թագուհու կենացը խմելու, այլև բրիտանական մշակույթը ներկայացնելու համար։ 

«Ամեն տարի փորձում ենք Թագուհու ծննդյան օրվա առիթն օգտագործելով ինչ- որ ձևով ներկայացնել բրիտանական մշակույթը, բայց նաև քարոզել մարդու իրավունքները, ազատությունները։ Իրականում, իհարկե, օրն ուրախանալու առիթ է, այստեղ այն մարդիկ են, ում հետ դեսպանատունն ամբողջ տարվա ընթացքում աշխատում է»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար Լիլիթ Քալանթարյանը։ 

«Կոնգրես» հյուրանոցի սրահներից մեկում բացվել էր լրագրող Մարկ Գրիգորյանի՝ բրիտանական թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ 11 տարի ապրելով Անգլիայում՝ թագուհու ներկայությունը երկրի կյանքում միշտ զգացել է։

«Թագուհին հսկայական նշանակություն ունի բրիտանական կյանքում, նա, իհարկե, անմիջականորեն չի մասնակցում քաղաքականությանը, օրինակ` թագուհին երբեք չի լինում կառավարության նիստերին, նրան արգելված է մտնել Պառլամենտ, բայց միևնույն ժամանակ պատկերացնել Անգլիան առանց թագուհու, այսօր հնարավոր չէ։ Շատ լավ է, որ խորհրդանշական ձևով Միացյալ թագավորության միապետի ծնունդը նշվում է նաև Հայաստանում»։ 

Եղիսաբեթն ընդամենը 25 տարեկան էր, երբ դարձավ թագուհի։ Թագադրումը տեղի է ունեցել 1952 թվականին՝ հոր մահվանից հետո։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է  հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դևիդ Քեմերոնին:

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-