ArmStyle

Վերջապես կատարվեց. Երևանում տեղի կունենա Anathema աշխարհահռչակ բրիտանական ռոք խմբի համերգը, որը ստեղծվել է 1990 թ.–ի Լիվերպուլում։

Համերգը տեղի կունենա հունիսի 3–ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 

«Anathema խմբի համերգը մեծ իրադարձություն կդառնա հայ հանդիսատեսի համար։ Երաժիշտները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց ելույթին և նախատեսվածից շուտ են սկսել sound-check-ը», – ասաց համերգի կազմակերպիչ և One Production–ի ղեկավար Վարդուհի Դավթյանը։ 

Նա նշեց, որ, ցավոք, տեղի ունեցան նաև տհաճ անակնկալներ։ Խմբի կիթառահարն օդանավակայանում իրենց վատ էր զգում, սակայն վստահորեն նշեց, որ համերգի որակը դրանից չի տուժի, քանի որ խմբում երաժիշտների և վոկալիստների փոփոխությունը սովորական պրակտիկա է։ 

The Beautified Project խմբի երաժիշտ Անդրե Սիմոնյանը, ով ելույթ կունենա Anathema ռոք–խմբի համերգին, նշեց, որ խմբի երկրպագուն է և արդեն 15 տարի հետևում է երաժիշտների գործունեությանը։ 

«Նրանք սկսել են զրոյից և դարձել աշխարհահռչակ խումբ։ Միշտ երազել եմ նրանց հետ ելույթ ունենալ միևնույն բեմում, հատկապես` Հայաստանում»,– ասաց Սիմոնյանը։ 

Paradise Lost և My Dying Bride երկու բրիտանական խմբերի հետ միասին Anathema–ն համարվում է death doom metal-ի հիմնադիրներից մեկը։ -0-