ArmStyle

Ժամանակակից աշխարհում իսկական սեր գտնելն օրեցօր ավելի դժվար խնդիր է դառնում։ Դա բացատրվում է տարբեր գործոններով, այդ թվում նրանով, որ համակարգչայնացման դարում մարդիկ ավելի փակ և քիչ շփվող են դարձել։ Եվ այդ դեպքում օգնության է գալիս ամուսնական գործակալությունը, որը պատրաստ է օգնության ձեռք մեկնել միայնակ սրտերին։ 

«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության և ծանոթությունների ծառայության տնօրեն Իլոնա Բաղիշյանը պատմեց, թե  ինչպես ինքը և ամուսինը, ում հետ երջանիկ ապրում են տարիներ ի վեր, հիմնեցին ընկերությունը 2009-ին։

«Գուցե ծիծաղելի հնչի, բայց գործակալություն բացելու գաղափարը ծնվեց այն բանից հետո, երբ մենք սկսեցինք իրար հետ ծանոթացնել մեր միայնակ ընկերներին», — խոստովանեց Բաղիշյանը։

Սկզբում, նրա խոսքերով, բոլորը կարծում էին, որ Հայաստանում ամուսնական գործակալություն բացելը կորած գործ է, քանի որ բոլորին թվում էր, թե «Երջանկության գաղտնիքն» այցելուներ չի ունենա` հաշվի առնելով հայկական մտածողությունը։

«Մարդիկ գալիս են մեզ մոտ, պատմում են, թե ինչպիսի կյանքի ընկեր են ցանկանում։ Երբ բոլոր հարցերը համաձայնեցվում են, հաճախորդների հետ պայմանագիր է կնքվում, ինչից հետո սկսում ենք ապագա երկրորդ կեսի որոնումները», — նշեց «միջնորդը»։

Ըստ նրա` գործակալությունը գրանցում է տարբեր տարիքի մարդկանց, սակայն տղամարդկանց համար սահմանափակում կա. նվազագույն տարիքը` 28 տարեկան և մշտական աշխատանքի առկայություն։ Ինչ վերաբերում է կանանց, ապա գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիների նվազագույն տարիքը 20-21 տարեկանն է։  

Գործակալության հաճախորդները շատ տարբեր են, այդ թվում` հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ։ Աշխատանքի 6 տարվա ընթացքում, նրա խոսքերով, գործակալությունն օգնել է ամուսնական դաշն կնքել մոտ 600 զույգերի, ընդ որում, ամուսնալուծություն գրեթե չի եղել. Այս ընթացքում միայն մեկ զույգ է բաժանվել, այն էլ այն պատճառով, որ աղջիկը և տղան չափազանց երիտասարդ էին ամուր ընտանիք կազմելու համար։ 

«Սովորաբար առաջինը ծանոթության է գնում տղամարդը, դրանից հետո աղջիկը կարող է համաձայնել հանդիպել կամ հրաժարվել։ Նաև զույգի հանդիպելուց հետո պարտադիր չէ, որ նրանց հարաբերությունները շարունակվեն», — ասաց Բաղիշյանը։ 

Նրա խոսքերով` գործակալությունում պրոֆեսիոնալ հոգեբաններ են աշխատում։ «Իսկ երբ այցելուները դժվարանում են ընտրության հարցում, մենք դիմում ենք աստղագուշակության օգնությանը, որպեսզի ավելի լավ հասկանանք` համընկնու՞մ է զույգը, թե՞ ոչ», — նշեց Բաղիշյանը։ 

Նա ավելացրեց, որ զույգի որոնումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկ ամիս։ -0-