ArmStyle

Նոր տարվա խաղալիքներ, տոնածառներ, դրասանգ և ձնեմարդեր` այս ամենը կարելի է սեփական ձեռքերով պատրաստել սովորական թափոններից։ Երեխաները Երևանի կենդանաբանական այգում անցկացված «Կենդանի ծառ» տոն–մրցույթի ընթացքում հենց այդպես էլ արել են։

Օգտագործել են պլաստիկե շշեր և բաժակներ, թուղթ, ստվարաթուղթ, ցելոֆանե տոպրակներ, շշերի կափարիչներ և այլ անպետք իրեր։ 

«Արդեն որերորդ տարին է` Երևանյան կենդանաբանական այգում անցկացվում է «Զարդարանքի տոն», և շուտով այն կվերածվի մի գեղեցիկ ավանդույթի, նախևառաջ, հայ երեխաների համար»,– «ԱՌԿԱ Style»–ին ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Այս տարի, ըստ նրա, միջոցառման անվանումը փոխարինվել է «Կենդանի ծառ»–ով, և հիմքում դրվել է բնապահպանությունը։ 

«Կարծում եմ` հայ երեխաները շատ քիչ տոներ ունեն, այդ պատճառով ցանկություն է առաջանում նրանց հերթական տոն նվիրել, որի ժամանակ նրանք էկոզարդարանք կպատրաստեն»,– նշեց Խաչատրյանը։ 

Նա կարծում է, որ կենդանաբանական այգում երեխաներն ավելի բարի են դառնում, մեծանում են որպես գիտակից քաղաքացիներ, և եթե նրանք գիտակցում են կապը բնության հետ և պատասխանատվության զգացումը շրջակա միջավայրի նկատմամբ, ապա դա վկայում է, որ մեր ապագան ավելի լավը կլինի։

«Մասնակիցներին սպասում են մեծ թվով մրցանակներ` հեծանիվներ, կինոյի և այլ միջոցառումների հատուկ տոմսեր»,– ասաց Խաչատրյանը։ 

Ըստ նրա, երեխաները կմրցեն խմբերով (դասարաններով), և դա արվում է, որ երեխաները հասկանան թիմային աշխատանքի կարևորությունը։ 

Տոնական մրցույթին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ դպրոցներ Երևանից և մարզերից։

Միջոցառումն անցկացվել է VivaCell-MTS–ի և Հայաստանում վայրի բնության և մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի աջակցությամբ։ -0-

Ֆոտոժապավենը կարող եք դիտել այստեղ: