ArmStyle

Նոր տարին ամենայուրահատուկ և կախարդական տոնն է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար։ «Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշք» ծրագրի շրջանակում ուրբաթ տեղի ունեցավ համանուն նախատոնական միջոցառումը, որի փոքրիկ մասնակիցներն իրենց ձեռքով կարեցին Ամանորի խաղալիքներ և պատրաստեցին տոնածառ։

Միջոցառման կազմակերպիչը Գաֆեսճեան արվեստի կենտրոնն է։

«Սկսած 2010 թվականից` մեր կենտրոնը երեխաների և նրանց ծնողների համար կազմակերպում է «Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշք» միջոցառումը, ամեն տարի երեխաների համար ուսումնական ծրագիր է նախապատրաստվում», — «ԱՌԿԱ Style»-ին ասաց կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Այս տարի, նրա խոսքերով, հեքիաթային միջոցառումն առանձնացավ իր նորարարությամբ։ Երեխաները նախ փրփրապլաստից և այլ նյութերից պատրաստեցին տոնածառի տարրերը, իսկ Ձմեռ պապը պետք է նրանց օգներ հավաքել ամբողջ ծառը։ Երեխաները Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ կապվեցին սկայպով, և նրանք անմիջապես եկան տոնին և օգնեցին երեխաներին հավաքել ամբողջական տոնածառը։  

Բացի այդ, ըստ Մարաբյանի, երեխաները ծնողների հետ միասին կարեցին Ամանորի գուլպաներ և կարողացան իրենց հետ տանել իրենց իսկ ստեղծագործությունները։

Երեխաները շատ գոհ էին տոնական միջոցառումներից։

Կենտրոն այցելող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։ «Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշք» ծրագրի առաջին տարում դրան մասնակցեց 30 երեխա, իսկ այս տարի մասնակիցների թիվն արդեն 90 էր։

Միջոցառման լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-