ArmStyle

Հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի` 1914-1915 թվականներին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկը՝ «Դարից դար» կտավը պաշտոնապես հանձնվեց  Հայաստանի Ազգային պատկերասրահին` վերականգնման համար։ 

Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

«Ակիմ Ավանեսովը շատ հայտնի հայ նկարիչ է, ով եղել է Դոնի նկարիչների միության առաջին նախագահը, Մարտիրոս Սարյանի մտերիմ ընկերը։ Այս կտավը հայտնի է նրանով, որ առաջին գործերից է` ստեղծված Հայոց ցեղասպանության շրջանում։ Այն մարմնավորում է հայ ժողովրդի բոլոր տառապանքները», — նշեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ավելացրեց նաև, որ Ավանեսովն իր կտավը 1915 թվականին ներկայացրել է Ռոստովում, որպեսզի պատմի Ցեղասպանության մասին։ Այդ կտավի ճակատագիրը բավական ծանր է եղել. Այն բանից հետո, երբ 1975-ին նկարչի հարազատները կտավը հանձնել էին Ռոստովի Կենսաբանության թանգարանին, դրա մասին մոռացել էին, ու կտավը երկար ժամանակ պահվել էր փաթաթած վիճակում։

«Մոտ երկու տարի է պահանջվել, որպեսզի հավաքեինք անհրաժեշտ փաստաթղթերը և կտավը տեղափոխեինք Հայաստան։ Բարեբախտաբար, ՀՀ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, մեկնելով Ռոստով, իր աչքերով տեսավ կտավի վիճակը և խոստացավ աջակցել վերականգմանը։ Վերականգնված կտավը կցուցադրվի Ազգային պատկերասրահում ապրիլի 24-ին, ինչպես նաև մեր միջոցառումների շրջանակում այն կներկայացվի Երևանի պետհամալսարանում, ինչից հետո այն կվերադարձվի Ռոստով և կցուցադրվի Ռուս-հայկական բարեկամության թանգարանում»,- նշեց Հովհաննիսյանը։ 

Ակիմ Ավանեսովը ծնվել է 1883 թ-ին Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը: -0-