ArmStyle

Ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարոն (Մուրադ Ամիրխանյան) ապրիլի 17–ին հարյուր կարմիր մեխակներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Անմար կրակի մոտ կատարեց Կաչինիի «Ավե Մարիան» և Կոմիտասի «Տեր ողորմեան»։

«Կոչ եմ անում բոլորին չսահմանափակվել մինչև ապրիլի 24–ը կազմակերպվող ակցիաներով և միջոցառումներով։ Միջոցառումները պետք է կազմակերպվեն այս տարի, ինչպես նաև հետագա տարիներին։ Մենք պետք է հետևողական լինենք մինչև աշխարհը չճանաչի Հայոց ցեղասպանությունը», – ակցիայից հետո ասաց երգիչը լրագրողներին։ 

Նա Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված մի քանի միջոցառումներ է կազմակերպել տարբեր երկրներում։ Ապրիլի 25–ին Փարիզում տեղի կունենա նրա կազմակերպած համերգը։ 

«Փարիզի հեղինակավոր «Գավո» սրահում առաջին անգամ կհնչի հայերեն լեզվով երաժշտություն` հայտնի ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ։ Համերգը տեղի կունենա «100 համերգ Հայաստանի համար» միջոցառումների շրջանակում», – ասաց Բարոն։ 

Նա տեղեկացրեց, որ համերգի ծրագրում ներառվել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Բելինիի ստեղծագործությունները` Ֆաննի Կրուեի, Ջուլիա Կնեկտի, Հիլդեգարդ Ֆեզնոյի, Իրիս Թորոսյանի և ուրիշների կատարմամբ։ Կընթերցվի Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» հայերենով և ֆրանսերենով։ 

Երգիչը կկատարի երաժշտական ստեղծագործությունները բացառիկ երաժշտական գործիքի` մանջութի (Հայաստանում վերջին տարիների ստեղծված թավջութակի տեսակ) նվագակցությամբ։ -0-