ArmStyle

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չորեքշաբթի ընդունել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի որդուն՝ Պատրիկ Մալաքյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ ուրախ է Պատրիկ Մալաքյանին տեսնել Երևանում և դեմառդեմ քննարկել Անրի Վեռնոյի անվան փողոցի հանդիսավոր բացման մանրամասները: Այս մասին հաղորդվում է Երևանի քաղաքապետարանի կայքում: 

«Ըստ էության` մենք պատրաստ էինք արդեն այսօր կատարել Անրի Վեռնոյի անվան փողոցի հանդիսավոր բացումը: Սակայն հաշվի առնելով, որ հանդիսավոր բացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ֆրանսիական կինոյի մի շարք հայտնի գործիչներ, Անրի Վեռնոյի բազմաթիվ ընկերներն ու երկրպագուները, ինչպես նաև Ձեր քույրերն ու եղբայրները, մենք որոշեցինք այն տեղափոխել հաջորդ տարի», —  հայտարարել է Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, ինչպես նաև Անրի Վեռնոյի անվամբ փողոց անվանակոչելու նախաձեռնության համար` Պատրիկ Մալաքյանն իր հերթին նշել է, որ քաղաքապետն իսկապես ճիշտ որոշում է կայացրել՝ հատկապես հաշվի առնելով, որ Անրի Վեռնոյն իրոք համաշխարհային կինոյի մեծություններից մեկն է ու հայրենիքում նրա անվան փողոցի հանդիսավոր բացմանը մասնակցելու բազմաթիվ անձանց ցանկությունն, անշուշտ, պետք է հարգվեր:

Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան) ֆրանսահայ կինոռեժիսոր և սցենարիստ է, ով նկարահանել է քրեական և արկածային ֆիլմեր և աշխատել է ֆրանսիական կինոյի աստղերի հետ:

1991 թ.-ին իր ընկեր և գրող Անրի Թրուայայի առաջարկով, ով ևս հայ է, Վեռնոյը նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» (Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն) ֆիլմերը, որոնցում իր ընտանիքի օրինակով` Վեռնոյը պատմում է Ցեղասպանության և դրա հետևանքների մասին: «Պարի Մատչ» ֆրանսիական ամսագիրը «Մայրիկ» ֆիլմը ճանաչել է «եվրոպական կինոյի ամենաթանկարժեք ստեղծագործությունը»: -0-