ArmStyle

Նախօրեին Երևանում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Փառատոնն անցկացվեց Հայաստանում օգոստոսի 19–29–ը։

«Խոսքեր չունեմ։ Այս լավ իմաստով տարօրինակ փառատոնը մեծ տպավորություն թողեց։ Չնայած այն ընդամենը երեք տարեկան է, սակայն կարելի է ասել, որ այն կայացած է», – նշեց Երուսաղեմի Սուրբ Հրեշտակապետաց Վանքի վանահայր հայր Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը։

Fresco 2016_article (5)

Նրա խոսքով` փառատոնի գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ այն ոչ միայն ներկայացնում է բազմադարյա քրիստոնեական մշակույթը, այլ նաև օտարերկրացի հյուրերին ծանոթացնում է Հայաստանի հարուստ մշակույթին և պատմությանը։

«Հաճախ թվում է, թե աշխարհում չի մնացել բարություն, սակայն նման փառատոնները բարության կոչ են անում, ստիպում են հավատալ և հուսալ», – նշեց Ղևոնդ վարդապետը։

Fresco 2016_article (3)

Արարողության ժամանակ հյուրերին սպասվում էր անակնկալ։ Սպիտակ հագուստով աղջիկները, քայլելով Կարապի լճի վրայով, ներկաներին բաժանեցին այս տարվա փառատոնի խորհրդանիշը` նռան տեսքով հուշանվերներ` որպես կենաց ծառի և նրա անմահության խորհրդանիշ։

Fresco 2016_article (6)

Fresco 2016_article (7)

Այս տարի «Ֆրեսկոյի» ֆիլմացանկում ներառված էր 22 երկրներից ներկայացված 74 կինոժապավեն, որից միայն չորսն է հայկական։

Ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրին հենց ինքը հանդիսատեսն էր. յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ կինոդիտման մասնակիցները նախապես պատրաստված թղթերի միջոցով քվեարկում էին իրենց նախընտրած ֆիլմի օգտին:

Fresco 2016_article (8)

Fresco 2016_article (2)

Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը` փառատոնը առանձնակի ուշադրություն է դարձնում հատուկ խմբերի մասնակցությանը փառատոնի բոլոր փուլերին, իսկ փառատոնի մրցանակները, ավանդույթի համաձայն պատրաստել են Խարբերդի մանկատան սաները:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնն անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2015 թ.–ի հունիսի 27–ից հուլիսի 5–ը և նվիրված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, իսկ առաջին FRESCO–ն կազմակերպվել էր 2014 թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ը։

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։