Աստղեր

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կոչ է արել հայերին համախմբվել և հասնել Հայոց ցեղասպանության ճանաչման։

Համայն հայությունն ապրիլի 24–ին նշեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանից, Հայաստանի մարզերից և արտերկրից հարյուր հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին՝ հիշատակելով Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. բոլոր զոհվածներին։

«Չեմ կարող հավատալ, որ մեկ տարի է անցել, ինչ ես, Քլոեն, Քանյեն և Նորթը այցելեցինք Հայաստան և շատ բան իմացանք իմ ընտանիքի պատմության մասին։ Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը։ Շուրջ 1,5 մլն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում։ Այսօր հիշատակի շատ կարևոր օր է ինձ և աշխարհասփյուռ հայության համար։ Մենք պետք է համախմբվենք և օգնենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում», – գրել է Քիմը` տեղադրելով ‪#‎ArmenianGenocide հեշթեգը։

https://www.instagram.com/p/BEnFYCsuS7s/?hl=en

Քիմի քույրը` Քլոեն ևս անդրադարձել է այս իրադարձությանը` գրելով, որ Հայաստան կատարած առաջին այցը փոխեց իր կյանքը, և նա երբեք չի մոռանա այդ այցի մասին։

«Մեկուկես միլիոն կորած հոգիներ։ Արյունը չի ստում», – գրել է Քլոեն։

Նրա կարծիքով` գիտելիքն ուժ է և ավելի խելամիտ գործելու հնարավորություն է տալիս։

https://www.instagram.com/p/BEl2-VohRhP/?hl=en

«Ցեղասպանությունները, ջարդերը, արյունահեղություններն այնքան ստոր արարքներ են։ Մեր պարտքն է իրազեկել մարդկանց տեղի ունեցածի մասին։ Մեր պարտքն է նաև չլռել, երբ մարդիկ ենթարկվում են չարչարանքների ու ոտնահարման` անկախ նրանց ռասայից կամ հավատքից», – գրել է Քլոեն։

Նրա խոսքով` լռությունը խրախուսում է չարչարողին։

«Հպարտ եմ, որ հայ եմ, չեմ լռելու և չեմ հավատալու, որ մեր նախնիների պատմությունը «չափազանցված է»։ Աղոթում եմ, որ տիեզերքը, վերջին հաշվով, դառնա ավելի արդար։ Եկեք ոգեկոչենք այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվեցին ատելության այդ անհերքելի գործողության հետևանքով», – գրել է Քլոեն` տեղադրելով ‪#‎NeverForget #1915 ‪#‎ArmenianPride ‪#‎EternalFlame հեշթեգերը։