Կինո

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել է, որ «Ավատար» ֆիլմի եռապատման նկարահանումները կմեկնարկեն 2016 թ.–ի սկզբին, գրում է Lenta.ru–ն` հղում անելով Collider–ին։

Նա նաև տեղեկացրել է, որ եռապատման վիզուալ էֆեկտների մշակումը գրեթե ավարտվել է։ Քեմերոնը նաև ավելացրել է, որ դա երկու տարի տևած բարդ աշխատանք էր։

«Նախատեսում ենք առաջին ֆիլմը թողարկել 2017 թ.–ի դեկտեմբերին` Սուրբ Ծննդյան նախաշեմին։ Համենայն դեպս, ծրագրում ենք այդպես անել։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է այն փաստը, որ մենք երեք ֆիլմերը կնկարահանենք միանգամից, իսկ հետո կսկսենք տարվա ընթացքում թողարկել մեկական ֆիլմ։ Ես դա անվանում եմ metanarrative (նկարագրության միասնական տեսակ), որը կարտացոլվի բոլոր երեք ֆիլմերում։

Եռապատման մասերից յուրաքանչյուրը կներկայացնի առանձին պատմություն, սակայն բոլոր երեք ֆիլմերը, միաժամանակ, կներկայացնեն մեկ ընդհանուր պատմություն», – ասել է Քեմերոնը։

Ռեժիսորն ավելացրել է, որ ստեղծվել է նկարահանման գործընթացի ողջ ենթակառուցվածքը, կառուցված են դեկորացիաները և գրեթե ավարտված են եռապատման սցենարի աշխատանքները։

«Ավատարը» կինոյի պատմության ընթացքում կինոսրահների դրամարկղերում ամենամեծ եկամուտներ գրանցած ֆիլմն է։ Այն էկրան է բարձրացել 2009 թ.–ին և գրանցել 2,7 մլրդ դոլարի շահույթ։