Աստղային կյանք

Hillair Capital Management ընկերությունը դատի է տվել Քարդաշյան երեք քույրերին` Քիմին, Քորթնիին և Քլոեին։ Ընկերությունը մեղադրում է քույրերին, որ նրանք չեն կատարել իրենց պարտականությունները Kardashian Beauty ապրանքանիշի առաջխաղացման պայմանագրի հարցով և 180 մլն դոլարի հայց է ներկայացրել դատարան։

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն` Hillair Capital Management ընկերությունը Boldface սնանկացած ընկերությունից գնել է Քարդաշյան քույրերի Khroma ապրանքանիշի իրավունքները։ Այդ ժամանակ «Khroma» անվանումը փոխվել է ու դարձել Kardashian Beauty, իսկ ընկերությունը ներդրել է 10 մլն դոլար։

Hillair Capital Management–ի և Քարդաշյան քույրերի միջև կնքված գործարքի էությունն այն է, որ Hillair Capital Management–ը շարունակում է Kardashian Beauty ապրանքանիշի ֆինանսավորումը, իսկ քույրերն իրենց հերթին շարունակում են մնալ ընկերության դեմքերն ու զբաղվել ապրանքանիշի ակտիվ գովազդով ու առաջխաղացմամբ։ Սակայն գործարքի իրենց մասը կատարելու փոխարեն Քիմը, Քորթնին և Քլոեն դադարեցրել են ապրանքանիշի գովազդն ու սկսել են փնտրել նոր հովանավոր։

Hillair Capital Management–ի ներկայացուցիչները մտադիր են դատարանի միջոցով վերադարձնել ներդրված 10 մլն դոլարը։ Բացի այդ, Քարդաշյան քույրերը ստիպված կլինեն փոխհատուցել ընկերությանը պայմանավորվածությունները չկատարելու համար։